Հոլոքոսթի հիշատակին նվիրված համաժողովը Երուսաղեմում ուղեկցվեց սկանդալներով

Իսրայել - Հոլոքոսթի հիշատակին նվիրված 5-րդ միջազգային համաժողովը Երուսաղեմի «Յադ Վաշեմ» ինստիտուտ-թանգարանում, 23-ը հունվարի, 2020թ.

Հոլոքոսթի հիշատակին նվիրված 5-րդ միջազգային համաժողովը՝ «Հիշելով Հոլոքոսթը, պայքարելով ընդդեմ հակասեմիտականության» խորագրով, երեկ երեկոյան ավարտվեց Երուսաղեմի «Յադ Վաշեմ» Հոլոքոսթի ինստիտուտ-թանգարանի հուշահամալիրում ծաղկեպսակներին տեղադրման արարողությամբ։

Աուշվիցի (Օսվենցիմ) համակենտրոնացման ճամբարի ազատագրման 75-ամյակին նվիրված համաժողովի հիմնական ուղերձը ներկայումս հակասեմիտականության ժխտումն է։

Համաժողովին մասնակցող մոտ հինգ տասնյակ պատվավոր հյուրերը, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, Բրիտանիայի արքայազն Չարլզը, Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսը, Գերմանիայի, Իտալիայի և Ավստրիայի նախագահները, իրենց ծաղկեպսակները տեղադրեցին և խոնարհվեցին դրանց դիմաց։

Համաժողովի մասնակիցների թվում էր նաև Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը։

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ծաղկեպսակ է տեղադրում Հոլոքոսթի զոհերի հիշատակին, Երուսաղեմ, 23-ը հունվարի, 2020թ.

Համաժողովին չմասնակցեց Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան՝ դժգոհելով, որ իրեն թույլ չեն տվել ելույթ ունենալ միջազգային այս ֆորումի ժամանակ։ Իսրայելցի կազմակերպիչները հայտարարել էին, որ միջոցառմանը ելույթ կունենան միայն Երկրորդ աշխարհամարտի 4 դաշնակից պետությունները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան ու Միացյալ Նահանգները, և Գերմանիան։

Եվս մեկ սկանդալ կապված էր Ուկրաինայի նախագահի հետ։ Իսրայել ժամանած Վլադիմիր Զելենսկին չմասնակցեց համաժողովին՝ իր ֆեյսբուքյան էջում գրելով, թե ուկրաինական պատվիրակության մյուս անդամների հետ իրենց տեղերը զիջել են այն մարդկանց օգտին, ովքեր Հոլոքոսթի ժամանակ կենդանի են մնացել։ Այդպիսով, նա միակ պետության ղեկավարն էր, ով չմասնակցեց համաժողովին՝ գտնվելով Երուսաղեմում։

Ինչպես հրեական մամուլն է գրում, «Յադ Վաշեմ» ինստիտուտ-թանգարանի ղեկավարությունը շատ բացասական էր արձագանքել Զելենսկու քայլին՝ այն անվանելով «զզվելի մանիպուլյացիա», իսկ նրա վարքագիծը՝ «ցինիկ ու շփոթեցնող»։ Ուկրաինայի նախագահին բացատրել էին, որ Հոլոքոսթից փրկվածները ստացել են նման հնարավորություն, և իրենց համար անհասկանալի էր նման որոշումը, գրել է հրեական «Իսրայել Հայոմ» պարբերականը։