Վերաքննիչն անփոփոխ է թողել Արա Վարդանյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը

Հայաստան համահայկական հիմնարդամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյան, արխիվ

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արսեն Նիկողոսյանի, այսօր որոշել է ուժի մեջ թողնել Հայաստան համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանի նկատմամբ գրավը որպես խափանման միջոց կիրառելը թույլատրելի ճանաչելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը՝ մերժելով դատախազի բողոքը։ Այս մասին տեղեկացրել է Վարդանյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը:

Նշենք, որ դեկտեմբերին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը 10 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակել կալանքի տակ գտնվող Արա Վարդանյանին:

Անցած տարվա հուլիսին Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) ձերբակալել էր Վարդանյանին՝ պնդելով՝ վերջինս խոստովանել է, որ հիմնադրամի միջոցներն օգտագործել է անձնական նպատակներով, դրանք ուղղելով նաև տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն: Անցած տարի Վարդանյանը գրավով ազատ էր արձակվել: Օրեր անց հրաժարական ներկայացնելով «Հայաստան» հիմնադրամի տնօրենի պաշտոնից՝ նա հաղորդագրություն էր տարածել, որում ներողություն էր խնդրում ժողովրդից, «Հիմնադրամի բոլոր նվիրատուներից` մեծ ու փոքր, թոշակառու և խոշոր բարերար, աշխարհասփյուռ տեղական մարմինների ներկայացուցիչներից, Հիմնադրամի բոլոր նվիրյալներից»: