Մատչելիության հղումներ

Արա Վարդանյանը ներողություն է խնդրում ժողովրդից


«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյան, արխիվ
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյան, արխիվ

Արա Վարդանյանը հրաժարական է ներկայացրել «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի պաշտոնից՝ քաջ գիտակցելով, որ իր հետագա պաշտոնավարումը կվնասի Համահայկական հիմնադրամի հեղինակությանը: Դա «անձամբ ինձ համար անթույլատրելի է», - գրում է Վարդանյանը իր հաղորդագրությունում, որ այսօր տարածել է «Հայաստան» հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժինը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նկատմամբ համազգային վստահությունը և բարի համբավը վեր է ամեն ինչից, որևէ անհատի վարքից ու նախասիրություններից: Ես այս գիտակցումով եմ 9 տարի ղեկավարել համայն հայության ներուժը միավորող ամենախոշոր կառույցը», - ասված է հաղորդագրությունում: - «Խորը ցավ եմ ապրում, որ ակամայից ստվերվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի անունը»:

«Սիրելի ժողովուրդ, ուզում եմ ներողություն խնդրել բոլորիցդ, Հիմնադրամի բոլոր նվիրատուներից` մեծ ու փոքր, թոշակառու և խոշոր բարերար, աշխարհասփյուռ տեղական մարմինների ներկայացուցիչներից, Հիմնադրամի բոլոր նվիրյալներից: Հիմնադրամի բոլոր հանգանակություններն ունեցե´լ են և ունե´ն իրենց հասցեագրված նշանակությունը, այն է` մեր հայրենիքի շենացումը, Արցախում և Հայաստանում դպրոցների, մանկապարտեզների, հիվանդանոցների, ճանապարհների, տների, մշակութային օջախների կառուցումն ու վերակառուցումը: Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ և Արցախի Հանրապետության իշխանություններին սերտ համագործակցության, իսկ բոլոր բարերարներին ու նվիրատուներին՝ մեր հայրենիքի շենացման գործում գործուն մասնակցություն ունենալու համար», - գրում է Արա Վարդանյանը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենը նախագահ Արմեն Սարգսյանին հրաժարականի դիմում է ներկայացրել երեկ, այն ենթակա է Հոգաբարձուների խորհրդի անդամներին հաստատմանը:

Արա Վարդանյանը ձերբակալվել է հուլիսի 3-ին յուրացումներ կատարելու, ինչպես նաև հասարակական կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու մեղադրանքով, և գրավի դիմաց ազատ է արձակվել հուլիսի 5-ին:

Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդել էր, որ փաստական հանգամանքների ճնշման ներքո Վարդանյանը խոստովանել է՝ տնօրինելով հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտը, դրա միջոցներն օգտագործել է անձնական նպատակներով, այդ թվում՝ դրանք ուղղելով տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն: Ըստ իր խոսքերի, վարկային քարտից վատնած միջոցները Վարդանյանը հետ է վերադարձրել հիմնադրամին հանգանակված գումարների հաշվին: Այնուհետ անձնական միջոցները կանխիկ մուտքագրել է հիմնադրամի հաշվապահություն, դրանով իսկ թաքցնելով հիմնադրամի գումարների վատնման հանգամանքը:

Ըստ ԱԱԾ-ի՝ միայն վերջին շաբաթվա ընթացքում Վարդանյանը հիմնադրամի բանկային քարտից մոտ 14 միլիոն դրամ է փոխանցել օնլայն խաղատներին, իսկ 2016-2018 թվականներին այդ գումարը կազմել է շուրջ 130 մլն դրամ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG