«Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնում կրակոցներ արձակած զինված տղամարդու հետ բանակցություններ է վարել ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը, ինչից հետո անձը հանձնել է հրազենը։ Այս մասին քիչ առաջ հայտնեցին ոստիկանության լրատվության բաժնից:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ տղամարդը ոստիկանության պետի պաշտոնակատարի ուղեկցությամբ նրա ծառայողական մեքենայով տեղափոխվել է ոստիկանություն։ Վնասվածքներ ստացած քաղաքացիներ չկան։
Հաղորդվում է նաև, որ դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։
Ավելի վաղ ոստիկանությունը բացել էր «Էրեբունի Պլազա» տանող ճանապարհը: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը լրագրողներին հայտնել էր, որ իրավիճակը վերահսկելի է:
Հիշեցնենք, որ ոստիկանությունն այսօր՝ ժամը 14.40-ին, ահազանգ էր ստացել, որ «Էրեբունի Պլազա» հյուրանոցում զինված անձ կա։ Ոստիկանությունից «Ազատությանը» հայտնել էին, որ դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբեր։
«Էրեբունի Պլազա»-ում են տեղակայված Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը, «5-րդ ալիք» հեռուստաընկերությունը։
Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը դժվարացավ ասել՝ գրասենյակին առնչվում է արդյոք միջադեպը՝ ընդգծելով, որ «Էրեբունի Պլազա»-ում գործում են բազմաթիվ հիմնարկներ։
«Էրեբունի Պլազա»-ի հարակից շենքում տեղակայված ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում «Ազատության» աղբյուրը տեղեկացրեց, որ գրասենյակի հիմնական աշխատակազմին և հյուրերին տարհանել էին։
Ավելի ուշ ՄԱԿ-ի հաղորդակցությունների բաժնի համակարգող Մարիամ Ալիխանովան «Ազատությանը» փոխանցել է. - «Դեպքից հետո մեզ էլ տեղեկացվել է այդ մասին, գործել են ՄԱԿ-ի անվտանգության ստանդարտ միջոցառումները, աշխատակազմը և հյուրերը տարհանվել են, այդ ամենը իրականացվել է Ոստիկանության հետ կոորդիանացիայով: Դեռ գործում է անվտանգության միջոցառումների ռեժիմը»: