Ռուսաստանի Պետական Դուման առաջին ընթերցմամբ միաձայն հավանություն է տվել նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայացրած սահմանադրական բարեփոխումների փաթեթին: Օրինագծի օգտին կողմ են քվեարկել բոլոր 432 պատգամավորները:
«Սա միասնության հզոր վկայություն է», - ասել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը:
Նրա փոխանցմամբ՝ երկրորդ ընթերցումը նախատեսված է փետրվարի 11-ին:
Փաթեթը պետք է նաև երրորդ ընթերցմամբ ընդունվի, ինչից հետո կփոխանցվի խորհրդարանի վերին պալատ՝ Դաշնության խորհուրդ: Փաթեթն ուժի մեջ կմտնի նախագահ Պուտինի վավերացմամբ:
Նախագահը հունվարի 15-ին է հանդես եկել Սահմանադրությունը լրամշակելու նախաձեռնությամբ, ինչից հետո վարչապետ Դմիտրի Մեդվեդևի կառավարությունը հրաժարական է ներկայացրել:
Ռուսաստանի վարչապետի պաշտոնը ստանձնել է Հարկային ծառայության պետ Միխայիլ Միշուստինը:
Պուտինի առաջարկած փոփոխությունները ենթադրում են խորհրդարանի լիազորությունների ընդարձակում: Բացի այդ, Պետական խորհուրդը կստանա լրացուցիչ լծակներ:
Ենթադրվում է, որ օրինագիծը կներկայացվի հանրաքվեի: Պուտինն առաջարկել է Սահմանադրության բարեփոխումը՝ նշելով, որ Մայր օրենքը 1993 թվականին ընդունելուց հետո երկրում տեղի են ունեցել էական փոփոխություններ: