Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ժամանել է Իսրայել, որտեղ աշխարհի լիդերները հարգանքի տուրք են մատուցելու Հրեից ողջակիզման՝ Հոլոքոսթի միլիոնավոր զոհերի հիշատակին:
Երուսաղեմում Յադ Վաշեմի Հոլոքոսթի հուշահամալիրի նախաձեռնությամբ գումարվում է Հոլոքոսթի համաշխարհային ֆորումը, որին մասնակցում են ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը, Ֆրանսիայի և Գերմանիայի նախագահներ Էմանյուել Մակրոնը և Ֆրանկ-Վալտեր Շտայնմաները, Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզը: Հայաստանն Իսրայելում ներկայացնում է նախագահ Արմեն Սարգսյանը:
Իսրայելը և միջազգային համայնքը հունվարի 27-ին են նշում Հոլոքոսթի օրը, քանի որ 1945 թվականին այդ օրն է խորհրդային բանակը գրավել Աուշվիցի (լեհերեն՝ Օսվենցիմի) համակետրոնացման ճամբարը և ազատել կալանավորներին:
«Ինչ վերաբերում է այն տարիներին տեղի ունեցածի շուրջ պատմական բանավեճին, մենք գիտենք, թե ով է մեզ փրկել, մենք գիտենք պատմական ճշմարտությունը», - ասել է Իսրայելի արտգործնախարար Յիսրաել Կացը, նկատել տալով, որ հրեաներին փրկել են խորհրդային զինվորները:
Պատմաբանների համոզմամբ, Երկրորդ աշխարհամարտում ֆաշիստները և նրանց զինակիցները մոտ 6 միլիոն հրեա են սպանել: