ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Կարեն Խաչատրյանի կալանքի ժամկետը թեև 2 ամսով երկարաձգվեց, սակայն դատարանը միևնույն ժամանակ բավարարեց նրա պաշտպանի միջնորդությունը և որոշեց 20 մլն դրամ գրավի դիմաց Խաչատրյանին ազատ արձակել։ Այս մասին «Ազատությանը» փոխանցեց նրա փաստաբան Ամրամ Մակինյանը:
«Դատարանը հրապարակեց որոշումը, երկարացվեց Կարեն Խաչատրյանի կալանքի ժամկետը 2 ամիս ժամանակով, բայց միևնույն ժամանակ դատարանն այս անգամ գտնվեց իր բարձրության վրա, և բավարարվեց մեր միջնորդությունը` գրավի կիրառումը ճանաչվեց թույլատրելի, և Կարեն Խաչատրյանը գրավի գումարը վճարվելուց հետո կարող է ազատ արձակվել», - ասաց նա:
Փաստաբանի խոսքով` սա մի քիչ ուշացած և արդարության առումով ճիշտ որոշում էր:
Հիշեցնենք, որ նոյեմբերին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանը երկու ամսով երկարացրել էր նրա կալանքի ժամկետը։ Իր հորեղբայր, ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի պաշտոնավարման տարիներին ՊԵԿ-ում աշխատած Կարեն Խաչատրյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ:
Նույն քրեական գործի շրջանակներում կալանավորված է նաև ժամանակին ամենաազդեցիկ պաշտոնյաներից մեկը համարվող Գագիկ Խաչատրյանը, ով մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու մեջ: