ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն Ազգային ժողովի նիստին հույս հայտնեց, որ իշխող «Իմ քայլը» խմբակցությունը «վերաիմաստավորել է երեկվա որոշումն այս գիշերվա ընթացքում»՝ կապված քննիչ հանձնաժողով ստեղծելու հետ:
ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն էլ էր նույնն ակնկալում իշխող ուժի պատգամավորներից. - «Թույլ տվեք, որ ստեղծվի հանձնաժողով, ի վերջո դուք վատ վիճակի մեջ եք դնում ձեր քաղաքապետին»:
«Իմ քայլում» չեն փոխել իրենց դիրքորոշումը՝ աղբատարների նվիրատվության փաստն ուսումնասիրելու համար օրենքի ուժով ստեղծված քննիչ հանձնաժողովը չի կարող ձևավորվել։ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը կրկին օրենքին է հղում անում. - «Վատ նախադեպն այն է, երբ իրավունքի ուժով ստեղծված հանձնաժողովը, որը այո, իրավունքի ուժող կարող է ստեղծվել, իրականացնի գործառույթներ, որն իր լիազորությունների մեջ չի մտնում և պարունակում է հակասահմանադրական տարրեր»։
Ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի` խորհրդարանում քննիչ հանձնաժողով կարող է ձևավորվել Ազգային ժողովի իրավասության և հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերին վերաբերող փաստերը պարզելու և դրանք Ազգային ժողով ներկայացնելու նպատակով։
Հանձնաժողովը ստեղծելու նախաձեռնությունը «Լուսավոր Հայաստանինն» էր, նույն կուսակցության անդամներն էին կասկածներ հայտնել, թե Երևանին մի քանի ընկերությունների և անհատների կողմից 21 աղբատար մեքենաների նվիրատվության մեջ հնարավոր կոռուպցիոն ռիսկեր են եղել։ Ընդդիմադիրները, մասնավորապես, հայտարարում էին, որ հնարավոր է՝ բեռնատարների դիմաց քաղաքապետարանը շինթույլտվություններ է տվել։
Իշխանական խմբակցության պատգամավորները չմասնակցեցին քվեարկությանը. քննիչ հանձնաժողովի կազմը հաստատելու վերաբերյալ որոշումը չընդունվեց:
«Հարցը խորհրդարանի հարթակում է այլևս եղել, և Երևանի ավագանին չի որոշում խորհրդարանի լիազորությունների սահմանադրական կամ հակասահմանադրական լինելը: Տիկի՛ն Մակունց, եթե Դուք կարծում եք, որ Երևանի ավագանին է որոշելու մեր լիազորությունները, ես ուղղակի հիասթափված եմ», - ասաց Մարուքյանը: Վերջինիս ԱԺ նախագահն արձագանքեց. - «Մեզնից յուրաքանչյուրը՝ և՛ գործադիրը, և՛ օրենսդիրը, և՛ ՏԻՄ-ը պետք է գործի բացառապես այն լիազորությունների շրջանակներով, որոնք նրան վերապահված են Սահմանադրությամբ և օրենքներով»:
Էդմոն Մարուքյաննիրավիճակը վատ նախադեպ համարեց, հայտարարեց, թե նման դեպքեր անգամ նախկին խորհրդարանում չեն եղել. - «Այս հետընթացով դուք ցույց եք տալիս Հայաստանի ժողովրդին, որ ստեղծված քննիչ հանձնաժողովում քաղաքական մեծամասնություն ունենալով՝ վախենում եք ուսումնասիրել կոռուպցիոն ռիսկերը, և Երևանի ավագանին է որոշում, թե խորհրդարանն ինչ անի»:
Նախկին խորհրդարանի հետ Մարուքյանի համեմատականերն իմքայլական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանին դուր չեկան։ Պատգամավորը կոչ արեց Մարուքյանին կոռեկտ արտահայտվել։
«Եթե Դուք կարոտում եք նախկին խորհրդարանին, կարող եք գնալ, նախկին Ձեր խորհրդարանի գործընկերների հետ սուրճ խմել: Հաշտվեք այն մտքի հետ, որ նոր խորհրդարանում եք»:
Էդմոն Մարուքյանը տեղից արձագանքեց, ԱԺ նախագահը հորդորեց տեղից չարձագանքել՝ նշելով, որ դա կոռեկտ չէ: Ռուբինյանը շարունակեց. - «Ուզում եք քննիչ հանձնաժողով, գնացեք, խոսեք Դավիթ Խաժակյանի հետ, թող բացի քննիչ հանձնաժողով»:
Ռուբինյանին կրկին ընդհատելու պատճառով Միրզոյանը Մարուքյանին նկատողություն հայտարարեց:
Էդմոն Մարուքյանի համար տարօրինակ է՝ ինչո՞ւ իշխանական խմբակցությունն ի սզբանե դեմ չէր հանձնաժողովի ստեղծմանը։ Նրա համոզմամբ՝ այսօրվա քվեարկությունը կարող է վատ նախադեպ լինել հետագայում այլ հարցերով հանձնաժողովներ չստեղծելու համար, օրինակ՝ գազի գինն ուսումնասիրող։
«Երևի թե, Հայկ Մարությանը խնդրել է, ասել է՝ տղե՛րք և աղջիկնե՛ր, պրոբլեմներ ունեմ, ախպեր, եթե էս հանձնաժողովը ստեղծվեց, ես պրոբլեմ եմ ունենալու: Աջակցեք, մի թիմ չե՞նք բա, տենց լալահառաչ դեմքով։ Իշխանությունն էլ ասել ա՝ դու պրոբլեմ չունես, հեսա կտապալենք, ախպեր», - ընդգծեց Մարուքյանը:
«Իմ քայլից» հերքում են՝ քաղաքապետն այդ հարցով իրենց չի դիմել։ Վարչապետն էլ հարցին անդրադարձավ: Փաշինյանը կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց՝ բեռնատարաների նվիրատվության հնարավոր կոռուպցիոն ռիսկերը կարող է հենց Երևանի ավագանին ուսումնասիրել: Տեղեկացրեց՝ հարցն Արդարադատության նախարարություն է ուղարկել, ու այդ պատասխանը հիմնված է նաև այդ ուսումնասիրության եզրակացության հիման վրա։
«Ես նույնիսկ գաղտնիք ասեմ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում այդպիսի հարց է դրվել, որ կարող է այսպիսի իրավական խնդիր լինի, մենք շատ թերահավատ ենք վերաբերվել վարչությունում և նույնիսկ բացասաբար ենք արտահայտվել նման քաղաքական դիրքորոշման նկատմամբ, բայց իրավական վերլուծությունը մեզ բերել է, որ մենք պետք է այս իրավիճակում իրավական լինենք», - ասաց Փաշինյանը:
Քաղաքապետարանին աղբատար նվիրաբերած ընկերությունները մամուլում կապվում են նախկին և ներկա պաշտոնյաների հարազատների հետ։ Ավելի ուշ էլ «Լուսավոր Հայաստանից» հայտնել էին, թե կասկածներ ունեն, որ այդ ընկերությունները ոչ թե բեռնատարներ են նվիրել քաղաքապետարանին, այլ գումար են տվել։ Քաղաքապետարանից հերքում են:
Ավելի ուշ վարչապետի վերանշյալ հայտարարությանն արձագանքեց Էդմոն Մարուքյանը՝ հիշեցնելով, որ ավագանին կամ քաղաքապետարանի որևէ վարչություն կամ Արդարադատության նախարարությունը չի որոշում՝ ինչն է Ազգային ժողովի լիազորությունների շրջանակում, ինչը՝ ոչ, այլ այդ լիազորությունները սահմանվում են բացառապես Սահմանադրությամբ:
«Այդ լիազորությունների թվում է քննիչ հանձնաժողովների ստեղծումը՝ Ազգային ժողովի իրավասության մեջ մտնող և հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերին վերաբերող փաստերը պարզելու և դրանք Ազգային ժողով ներկայացնելու նպատակով (Սահմանադրության 104-րդ հոդվածի 1-ին մաս)։ Այստեղ հատկապես կարևոր է «Ազգային ժողովի իրավասության մեջ մտնող» եզրույթի բացահայտումը։ Այն բացահայտելու համար այս դեպքում պետք է հստակեցնենք, թե արդյոք տվյալ խնդրի կապակցությամբ գործադիր իշխանությունն ունի լիազորություն, թե ոչ (ակնհայտ է, որ չունի, քանի որ de jure տեղական ինքնակառավարման մարիմնն անկախ է գործադիր իշխանությունից), ինչպես նաև պարզել, թե արդյոք խնդրո առարկա փաստերի առնչությամբ դատարանում քննվում է որևէ գործ (ինչը ևս տեղի չի ունեցել այս պարագայում)։ Այսինքն, կիրառելի է բացառման սկզբունքը։ Մյուս կողմից, Ազգային ժողովի կանոնակարգի 21-րդ հոդվածի տրամաբանությունից ուղղակիորեն հետևում է, որ քննիչ հանձնաժողովը կարող է քննել ինչպես պետական, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմիններին առնչվող հարցեր», - ասված է Մարուքյանի հայտարարության մեջ։
Նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ սա նպատակ ունի զերծ պահել Հայկ Մարությանին հաշվետու լինելու պարտականությունից և կոռուպցիոն ռիսկերի բացահայտումից, և որ գործադիրը գնում է ընդդիմության հնարավությունների սահմանափակման ճանապարհով: