Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին կրակոց արձակելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու հոդվածով։
Ավելի վաղ, ոստիկանությունում հաղորդում էր ստացվել այն մասին, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի 2-րդ հարկի աշխատասենյակի պատուհանի երկշերտ ապակու արտաքին շերտը կոտրված է և ապակիների արանքում առկա է կրակված գնդակ: Մեկնած օպերատիվ խումբը նշված աշխատասենյակի ապակիների արանքում հայտնաբերել է կրակված գնդակ:
Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամ Գրիգոր Բեքմեզյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ դեպքի մանրամասների վերաբերյալ խոսել է դատավոր Գրիգորյանի հետ։ Ասաց նաև՝ ԲԴԽ-ի ուշադրության կենտրոնում է այս դեպքը, հետամուտ են լինելու, որպեսզի այն բացահայտի։
«Ինչպես հասկացա խոսակցությունից՝ ինքը շատ մտահոգված չէ այդ դեպքով, որովհետև ամենայն հավանականությամբ, իր կարծիքով, դա զուտ պատահականություն է եղել, բայց, իհարկե, դա արդեն քննությունը կպարզի։ Ամեն դեպքում ԲԴԽ-ն գտնում է, որ նման բաները պետք է բացառվեն, և մենք հետամուտ ենք լինելու, որպեսզի կարողանանք օբյեկտիվ պատկերը ստանալ՝ դա պատահականությո՞ւն է, թե՞ նպատակաուղղված գործողություն», - ասաց Բեքմեզյանը։
ԲԴԽ անդամն ասաց՝ սա իրենց համար արտառոց դեպք է. «Ամեն դեպքում կա փաստ, որ պատուհանը վնասվել է դատավորի աշխատասենյակի, իհարկե, դա ոնց հասկացա եղել է ոչ աշխատանքային ժամի, որովհետև հետո են պարզել, որ փամփուշտ կա էդտեղ՝ պատուհանի արանքում ընկած։ Ամեն դեպքում փաստ է, որ պատուհանը վնասվել է, և մենք գտնում ենք, որ պետք է բազմակողմանի քննությունը պարզի՝ ինչպես է տեղի ունեցել, որ կողմից, արդյոք միտում եղել է, թե ուղղակի պատահական կրակոց է եղել, որ եկել, ուղղակի հայտնվել է այնտեղ»։
«Ազատության» հարցին, թե այդ փամփուշտը ո՞վ է գտել, Բեքմեզյանը պատասխանեց. «Ինչպես հասկացա, տիկին Գրիգորյանն ինքն է աշխատասենյակում՝ պատուհանի մեջ հայտնաբերել այդ փամփուշտը»։
Հարցին էլ՝ պե՞տք է արդյոք տիկին Գրիգորյանի անվտանգությունը պահպանելու համար որևէ քայլի դիմել, ԲԴԽ անդամն արձագանքեց. «Այդ հարցն իր հետ քննարկել ենք, նման խնդիր դեռևս չկա, եթե լինի, մենք անմիջապես գործողությունների կդիմենք»։
33-ամյա Տաթևիկ Գրիգորյանը նախագահի 2015 թվականի փետրվարի 24-ի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: Դրանից առաջ էլ՝ 2011- 2014 թվականներին զբաղեցրել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի օգնականի պաշտոնը:
Տաթևիկ Գրիգորյանը մի քանի տասնյակ քրեական գործեր է քննել, հանրային հնչեղություն ունեցող գործերից էր «Սասնա Ծռեր» կուսակցության ղեկավար անդամ, հիմնադիր խորհրդարանը առաջնորդած Ժիրայր Սեֆիլյանի գործը։ Նա զանգվածային անկարգություններ նախապատրաստելու մեջ մեղադրվող Սեֆիլյանին 2018 թվականին 10 տարի 5 ամսվա ազատազրկման էր դատապարտել, Սեֆիլյանը թավշյա հեղափոխությունից մոտ երկու ամիս անց վերաքննիչ դատարանի որոշմամբ ազատ էր արձակվել: