Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Դաշնային ժողովին ամենամյա ուղերձից մի քանի ժամ անց Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է կառավարության հրաժարականի մասին: Ռուսական ռուբլին Մեդվեդևի անսպասելի հրաժարականից հետո անկում է արձանագրում:
Դաշնային ժողովին հղած իր ելույթում Կրեմլի ղեկավարն այսօր առաջարկել էր սահմանադրական փոփոխություններ իրականացնել: Ենթադրվում էր, որ նրա առաջարկած սահմանադրական փոփոխությունները կյանքի կկոչվեին մինչև 2024 թվականը՝ նրա նախագահության այս շրջանի ավարտը, սակայն Պուտինի ուղերձից ժամեր անց նրա մասնակցությամբ տեղի ունեցած կառավարության նիստում վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարեց կառավարության հրաժարականի մասին:
«Այդ փոփոխությունները երբ ընդունվեն, ամենայն հավանականությամբ դա տեղի կունենա քննարկումներից հետո, ինչպես ասվել է, նրանք էական փոփոխություններ կմտցնեն ոչ միայն Սահմանադրության մի ամբողջ շարք հոդվածներում, այլ նաև իշխանական թևերի հավասարակշռության մեջ՝ գործադիր իշխանությունում, օրենսդիր իշխանությունում, դատական իշխանությունում»,- ասել է Դմիտրի Մեդվեդևը:
«Այդ համատեքստում, - շարունակել է նա, - ակնհայտ է, որ մենք՝ որպես Ռուսաստանի Դաշնության կառավարություն, պետք է մեր երկրի նախագահին հնարավորություն տանք ընդունելու դրա համար բոլոր հնարավոր որոշումները, և այդ պայմաններում ես համարում եմ՝ ճիշտ կլինի, որ Սահմանադրության 117-րդ հոդվածին համապատասխան Ռուսաստանի Դաշնության կառավարությունը գործող կազմով հրաժարական տա»:
Վլադիմիր Պուտինը գոհունակություն է հայտնել կառավարության ձեռք բերած արդյունքների կապակցությամբ՝ նշելով, որ ամեն չէ, որ ստացվել է. - «Ամեն ինչը միշտ էլ ամբողջությամբ չի ստացվում», - ասել է նա և հույս է հայտնել, որ մոտ ապագայում բոլորի հետ հանդիպումներ կունենա:
Ընդունելով գործադիրի հրաժարականը՝ նախագահ Պուտինն այսօր Դմիտրի Մեդվեդևին առաջարկել է զբաղեցնել Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալի պաշտոնը և զուգահեռաբար ժամանակավոր կատարել կառավարության ղեկավարի պարտականությունները: Ռուսաստանի կառավարության ներկայիս կազմը ձևավորվել է 2018 թվականի մարտին՝ նախագահական ընտրություններից հետո, երբ Պուտինը չորրորդ անգամ ընտրվեց նախագահ։ Մեդվեդևը նախարարների կաբինետը գլխավորում է 2012 թվականից:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված ուղերձի ընթացքում ասել է, թե նոր Սահմանադրություն ընդունելու անհրաժեշտություն չկա, սակայն գործող Սահմանադրությունում պետք է կատարվեն մի շարք փոփոխություններ: Նրա առաջարկները նախատեսում են արմատական փոփոխություն Ռուսաստանի պետական կառավարման համակարգում: Այդ փոփոխությունները, Պուտինի խոսքով, պետք է դրվեն համընդհանուր քվեարկության:
Ըստ այդ առաջարկների՝ Սահմանադրությունը պետք է ունենա առաջնահերթություն Ռուսաստանի իրավական տարածքում միջազգային իրավունքի նկատմամբ, բարձրաստիճան պաշտոնյաները, դատավորները պետք է չունենան օտարերկրյա քաղաքացիություն և այլ պետության բնակության թույլտվություն, նախագահի թեկնածուն պետք է առնվազն 25 տարի ապրի Ռուսաստանում և երբեք օտարերկրյա քաղաքացիություն չունենա, Սահմանադրությունից հանել այն կետը, որում ասված է, թե նույն անձը չի կարող ընտրվել նախագահ 2 ժամկետից ավելի «անընդմեջ»: Սա այն կետն է, որ թույլ էր տվել Պուտինին երրորդ անգամ նախագահ վերընտրվել 2012-ին։ Պուտինի առաջարկը նշանակում է, որ Ռուսաստանում այլևս չպետք է լինի 2 անգամից ավելի ընտրված նախագահ։ 2024-ին, հիշեցնենք, լրանում է Պուտինի նախագահության չորրորդ ժամկետը, և Սահմանադրությունն արգելում է Պուտինին նախագահ վերընտրվել հինգերորդ անգամ: Այսօր նա փաստորեն առաջարկում է Սահմանադրության մեջ ամրապնդել Պետական խորհրդի կարգավիճակը:
Փորձագետներն արդեն գրում են, որ դեռ անհասկանալի է, թե ինչի մասին է խոսքը: Բացի այս, Պուտինն առաջարկում է ընդլայնել խորհրդարանի լիազորությունները: Պետդուման պետք է հաստատի վարչապետի թեկնածությունը, այնուհետև, նրա առաջարկով, կառավարության անդամների: Նախագահից պահանջվելու է այդ անձանց նշանակել առաջարկված պաշտոնում: Իրավապահ մարմինների ղեկավարները նշանակվելու են նախագահի կողմից Դաշնության խորհրդի հետ խորհրդակցելուց հետո: Դաշնության խորհուրդը կստանա նաև սահմանադրական և Գերագույն դատարանների դատավորներին աշխատանքից ազատելու իրավունք:
Առաջիկա օրերին ռուսաստանցի փորձագետները կփորձեն հասկանալ, թե ինչ է անել Կրեմլը։ Քաղաքական մեկնաբան Կիրիլ Ռոգովը «Էխո Մոսկվի» ռադիոկայանի իր բլոգում գրել է, թե սա նման է մի կուսակցության դիկտատուրայի. «Այս սխեման, որը մասամբ նման է չինականին, թույլ կտա Պուտինին ունենալ իրական վերահսկողություն անորոշ ժամանակով՝ միաժամանակ առաջադրելով միմյանց միջև մրցակցող հավանական իրավահաջորդների մի ամբողջ խումբ: Բայց վերջնական եզրակացությունները կարելի կլինի անել, երբ պարզ դառնան այս սխեմայի մանրամասները», - գրում է քաղաքական մեկնաբանը: