Ռոհանին զինված ուժերին կոչ է արել ներողություն խնդրել ուկրաինական Boeing-ի կործանման համար

Իրանի նախագահ Հասան Ռոհանին վարում է կառավարության նիստը, Թեհրան, 15-ը հունվարի, 2020թ.

Իրանի նախագահ Հասան Ռոհանին երկրի զինված ուժերին կոչ է արել ներողություն խնդրել ուկրաինական մարդատար օդանավի կործանման համար և բացատրել՝ ինչպես է տեղի ունեցել ողբերգությունը:

Ռոհանին նախօրեին էլ կոչ է արել հատուկ դատարան ստեղծել օդանավի խոցման հանգամանքները հետաքննելու համար՝ հայտարարելով, որ «աններելի սխալի» մեղավորները պետք է «պատժվեն»:

Միևնույն ժամանակ, Իրանի դատական իշխանությունները հայտարարել են առաջին ձերբակալությունների մասին՝ առանց անուններ նշելու:

Հունվարի 8-ին տեղի ունեցած ավիավթարի հետևանքով զոհվել են Թեհրան-Կիև չվերթն իրականացնող «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» օդանավի 176 ուղևորներն ու անձնակազմի անդամները: Օրեր տևած հերքումներից հետո պաշտոնական Թեհրանը խոստովանել է, որ «տեղի է ունեցել ողբերգական սխալ»: