ԱՄՆ նախագահի թեկնածուի դեմոկրատ հավակնորդները հերթական հեռուստաբանավեճն են անցկացրել

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածուի հավակնորդների բանավեճը Լոս Անջելեսում, 19-ը դեկտեմբերի, 2019թ.

Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններին Դեմոկրատական կուսակցությունից մասնակցել ցանկացող թեկնածուները երեքշաբթի օրը Այովայում հանդիպել են հերթական հեռուստատեսային բանավեճի շրջանակում:

Բանավեճին մասնակցել են վեց դեմոկրատ գործիչներ՝ Ջո Բայդենը, Բերնի Սանդերսը, Էլիզաբեթ Ուորենը, Փիթ Բութիջիչը, Էմի Քլոբուշարը և Թոմ Սթեյերը: Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը չի բավարարել բանավեճի մասնակցության պահանջներին, նա հույս է հայտնել կուսակցական մրցակիցների հետ հանդիպել մարտին:

Հանրապետականների հիմնական ընդդիմախոսը համարվող ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Վաշինգտոնը կորցրել է աջակցությունը Մերձավոր Արևելքում: Քաղաքական գործիչը հերթական կոշտ քննադատությունն է հնչեցրել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հասցեին՝ մասնավորապես Իրանի հարցում նրա գործողությունների առնչությամբ: Բայդենը խոստովանել է, որ ժամանակին Իրաքի հարցով իր կողմ քվեն սխալմունք է եղել:

Բերնի Սանդերսը, մինչդեռ, հիշեցրել է, որ ինչպես այսօր, այնպես էլ 2002 թվականին կտրականապես դեմ է եղել Իրաքում ռազմական գործողություններին:

Դեմոկրատական կուսակցության թեկնածուի անունը հայտնի կդառնա 2020 թվականի հուլիսին:

Հանրապետականներն առայժմ չունեն առաջատար թեկնածու՝ նախագահ Թրամփի հետ մրցելու համար, և ակնկալվում է, որ այդ կուսակցության փրայմերիզը կկրի ֆորմալ բնույթ: