Մատչելիության հղումներ

ԱՄՆ նախագահի թեկնածու առաջադրվելու դեմոկրատ հավակնորդները դարձյալ սուր քննադատության են ենթարկում Թրամփին


Օհայո նահանգում անցած գիշեր տեղի ունեցավ Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածուների հավակնորդների չորրորդ հեռուստաբանավեճը՝ մասնակցների ռեկորդային թվով:

Բեմահարթակ էին բարձրացել նախագահական մրցավազքին մասնակցող դեմոկրատ թեկնածուներից 12-ը, ինչը աննախադեպ թիվ է համարվում:

CNN հեռուստաընկերության, «Նյու Յորք Թայմս» թերթի կազմակերպած այս հեռուստաբանավեճը տեղի է ունենում Դեմոկրատական կուսակցության նախաձեռնած Միացյալ նահանգների նախագահի իմպիչմենթի հետաքննության ֆոնին: Եվ ինչպես ակնկալվում էր, ընդդիմադիր դեմոկրատները առիթը բաց չթողեցին ևս մեկ անգամ հայտարարելու, որ Դոնալդ Թրամփը պետք է հեռանա:

Այդ հարցում մրցավազքին մասնակցող բոլոր դեմոկրատների կարծիքը միանշանակ համընկնում է: Թրամփի մրցակիցները դառնալ ցանկացող քաղաքական գործիչները Սպիտակ տան ղեկավարին քննադատեցին ինչպես արտաքին քաղաքականությունը տապալելու, այնպես էլ ամերիկյան օրենսդրությունը հաճախ խախտելու համար:

«Ռուդի Ջուլիանին, նախագահը և իր բանդիտները արդեն հաստատել են, որ ստում են: Այժմ մենք պետք է կենտրոնանանք Դոնալդ Թրամփի վրա: Նա չի ցանկանում որ ես թեկնածու լինեմ: Նա ընկել է իմ հետևից, քանի որ գիտակցում է, որ եթե ես դառնամ թեկնածու, ապա ես նրան դհոլի նման կխփեմ», - հայտարարել է նախկին փոխնախագահ Ջո Բայդենը, ով, ի դեպ, որդու շուրջ ծագած սկանդալի պատճառով կորցնում է վարկանիշը: Վերջին հարցումների արդյունքներով, Թրամփի կողմից կոռուպցիայի մեջ մեղադրվող նախկին փոխնախագահի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 27 տոկոսը: Այսպիսով նա իր դիրքերը զիջում է Մասաչուսեթսի նահանգից սենատոր Էլիզաբեթ Ուորենին, ով այժմ գլխավորում է դեմոկրատական ցուցակը:

Ուորենը իր հերթին պնդել է, որ իմփիչմենթը պետք է իրականություն դառնա, որպեսզի Թրամփը հասկանա, որ չի կարող խախտել օրենքը, և դա մնա անհետևանք: Ընդդիմադիր դեմոկրատները Դոնալդ Թրամփին պաշտոնանկ անելու գործընթաց են սկսել Ուկրաինայի նախագահի հետ ամռանը տեղի ունեցած հեռախոսազանգի պատճառով, որի ընթացքում, ըստ ամերիկյան հատուկ ծառայությունների աշխատակցի պնդման, Թրամփը ճնշում էր գործադրել իր ուկրաինացի պաշտոնակցի նկատմամբ` պահանջելով, որպեսզի պաշտոնական Կիևը հետաքննի նախկին փոխնախագահ Ջո Բայդենի և նրա որդու բիզնես գործունեությունը Ուկրաինայի տարածքում:

Թափ հավաքող այս հետաքննության ֆոնին, սակայն, նախագահ Թրամփը շարունակում է պնդել, որ իմփիչմենթի գործընթացը հիմնված է ստի վրա և բացառապես քաղաքական նպատակներ է հետապնդում:

«Դոնալդ Թրամփը խախտել է օրենքը, ոչ ոք չպետք է վեր դասվի օրենքից, իմփիչմենթը պետք է իրականանա», - հայտարարել է Ուորենը:

Դեմոկրատ թեկնածուների առաջատարների եռյակը եզրափակող Վերմոնտի նահանգից սենատոր Բեռնի Սանդերսը կոչ արեց չկենտրոնանալ միայն Թրամփի վրա՝ մոռանալով այն 87 միլիոն քաղաքացիների մասին, ովքեր չունեն տարրական առողջապահական ապահովագրություն: Սանդերսը կրկին պնդեց, թե Թրամփը «ամենակոռումպացված նախագահն է երկրի պատմության մեջ» և պետության ղեկավարի պաշտոնից «օգտվել է անձնական հարստացման համար»:

78-ամյա Սանդերսը սակայն ստիպված եղավ սեփական առողջության մասին էլ խոսալ: Նա հեռուստաբանավեճին մասնակցում է սրտի վիրահատությունից մի քանի օր անց: Հարցին, թե կարող են դեմոկրատական կուսակցությունում վստահ լինել, որ ինքը բավարար չափով առողջ է ընտրություններին մասնակցելու համար, սենատորը հավաստիացրել է, թե բավարար չափով առողջ է Թրամփի մրցակիցը լինելու համար:

Բուռն քննարկումներ են ծավալվել Սիրիայից ամերիկյան զորքը դուրս բերելու և դաշնակից քրդերին թուրքերի հետ մեն-մենակ թողնելու Թրամփի որոշման շուրջ, որի համար Սպիտակ տան ղեկավարին քննադատում են ոչ միայն ընդդիմախոսները, այլև կուսակիցները:

Դավաճանություն՝ միաբերան պնդում են Միացյալ Նահանգների ընդդիմախոսները, նույնիսկ նրանք, ովքեր կողմ են ամերիկացի զինվորականներին Մերձավոր Արևելքից տուն վերադարձնելուն, սակայն՝ «պատեհ պահի»:

«Սիրիայում տեղի ունեցող արյունահեղությունը ամերիկյան ներկայության հետևանքը չէ, այլ ամերիկյան զորքի դուրս բերման հետևանքն է, ամերիկյան դաշնակիցների, ամերիկյան արժեքներին այս նախագահի կողմից դավաճանության հետևեանքը», - հայտարարել է Սաութ Բենդի քաղաքապետ Փիթ Բութիջիչը, ով Միացյալ Նահանգների ռազմածովային հետախուզության նախկին սպա է:

Մինեսոթայի Սենատոր Էմի Քլուբուչարը նույնպես քննադատել է Թրամփի այդ որոշումը՝ շեշտելով, որ Սպիտակ տան ղեկավարն այդ քայլով հզորացնում է ոչ թե Ամերիկան, այլ Ռուսաստանը:

«Այդ որոշումը Ամերիկային չի հզորացնում, այն Ռուսաստանին է դարձյալ հզոր դարձնում», - ակնարկելով Թրամփի նախընտրական կարգախոսը՝ հեգնել է դեմոկրատ թեկնածուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG