Իրաքում հրթիռակոծվել է ռազմաբազա, որտեղ նաև ամերիկացի զինծառայողներ կան

Իրաք - F-16 մարտական օդանավ «Բալադ» ռազմակայանում, արխիվ

Իրաքում հրթիռակոծվել է Բաղդադի հյուսիսում գտնվող «Բալադ» ավիացիոն ռազմաբազան, որտեղ տեղակայված են նաև ամերիկացի զինվորականներ:

Ինչպես երեկ հայտնել է Reuters լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով իրաքյան հրամանատարության հայտարարությունը, բազային ութ հրթիռային հարված է հասցվել: Ըստ հաղորդումների, վիրավորվել է չորս իրաքցի, այդ թվում՝ երկու զինծառայող:

«Բալադ» ռազմակայանից ամերիկացի զինծառայողների մեծ մասն արդեն դուրս էր բերվել՝ Միացյալ Նահանգների և Իրանի միջև լարվածության և Թեհրանի սպառնալիքների պատճառով։ Ամերիկյան հրամանատարությունը հասցրել էր դուրս բերել գրեթե ամբողջ զինտեխնիկան: Այնտեղ միայն 15 ամերիկացի զինծառայողներ էին մնացել և մեկ մարտական ինքնաթիռ:

Դեռ չկա հաստատված տեղեկատվություն այն մասին, թե ով կարող էր կանգնած լինել հարձակման հետևում:

Այս ռազմաբազան հրթիռակոծվել էր նաև հունվարի 4-ին:

Հիշեցնենք՝ հունվարի 8-ի գիշերը Իրանը հրթիռակոծեց Իրաքում ամերիկյան զինված ուժերի տեղակայման վայրերը, այդ թվում՝ երկու ռազմաբազաներ։ Պաշտոնական Թեհրանը հայտարարեց, որ հրթիռային հարվածները պատասխանն են Միացյալ Նահանգների կողմից իրանցի գեներալ Քասեմ Սուլեյմանիի սպանության։