Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իրանը մտադիր էր հարձակումներ կազմակերպել ամերիկյան մի շարք դիվանագիտական ներկայացուցչությունների դեմ: Այդ մասին ԱՄՆ նախագահը հայտարարել է ուրբաթ երեկոյան Fox News-ի եթերում` ակնարկելով, որ Մերձավոր Արևելքում ամերիկյան շահերի դեմ հարձակումները հնարավոր է եղել կանխել իրանցի գեներալ Քասեմ Սուլեյմանիի սպանության շնորհիվ:
«Ես վստահ եմ, որ խոսքը չորս դեսպանատների մասին էր: Հիմնականն, իհարկե, Բաղդադի դեսպանատունն էր լինելու, սակայն ես կարծում եմ [հարձակման ենթակա] դեսպանատների թիվը կարող էր հասնել չորսի, կարող էին լինել նաև ռազմաբազաներ, այլ օբյեկտներ: Այդ ամենը, սակայն, անխուսափելի էր: Եվ նման իրավիճակում [Սուլեյմանին] հանկարծ զոհվում է», - նշում էր Դոնալդ Թրամփը:
Սպիտակ տան ղեկավարն անդրադարձել է նաև Իրաքի իշխանությունների` ամերիկյան զորքերը երկրի տարածքից դուրս բերելու պահանջին: Պետքարտուղար Մայք Փոմփեոյի հետ հունվարի 9-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում Իրաքի վարչապետ Ադել Աբդել Մահդին հորդորել էր ամերիկյան կողմին պատրաստվել զորքերի դուրսբերմանը: Թրամփը, սակայն, նշում է, որ դա տեղի կունենա միայն այն դեպքում, եթե Իրաքը փոխհատուցում վճարի ամերիկացիների կողմից կառուցված ռազմակայանների համար:
«Իրաքցիների փողի մի զգալի մասը մեր ձեռքում է: Մոտ 35 միլիարդ դոլար այժմ մեր հաշվեհամարներին է գտնվում, այնպես որ կարծում եմ, որ նրանք կհամաձայնեն վճարել: Հակառակ պարագայում մեր զորքերը կշարունակեն մնալ այնտեղ», - նշում էր Թրամփը: