Փաստաբանը Նարեկ Սարգսյանին կալանավորելու որոշան դեմ բողոք է ներկայացրել վերաքննիչ դատարան

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի կալանավորման որոշումը փաստաբանը բողոքարկել է վերաքննիչ դատարան:

«Ազատության» հետ զրույցում փաստաբան Արթուր Պիվազյանն ասաց՝ առաջին ատյանի դատարանի կայացրած կալանավորման մասին որոշումը չպատճառաբանված է, և այդ հիմքով այն բողոքարկել են վերադաս ատյան:

Դատարանը մեխանիկորեն հաստատել է քննիչի բերած միջնորդությունը, փոխանցեց փաստաբանը։

Բացի դա, ըստ Արթուր Պիվազյանի, դատարանը հիմնվել է բացառապես նախաքննական մարմնի չպատճառաբանված դիրքորոշման վրա:

«Ազատության» հարցին, Նարեկ Սարգսյանն ընդունո՞ւմ է մեղադրանքը, փաստաբանն ասաց՝ նման հարցերի պատասխանելու լիազորություն պաշտպանյալից չունի:

Նարեկ Սարգսյանը Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ կալանավորվել է դեկտեմբերի 23-ին։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին Ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ Նարեկ Սարգսյանը Չեխիայից տեղափոխվել է Հայաստան։

Պաշտոնաթող նախագահի եղբորորդու նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել դեռևս մեկ տարի առաջ։ Անցած տարի դեկտեմբերի 6-ին Նարեկ Սարգսյանը «Ինտերպոլ»-ի աջակցությամբ հայտնաբերվեց Պրահայում ու ձերբակալվեց: Ըստ Ոստիկանության պաշտոնական հաղորդագրության, Սարգսյանը ներկայացել էր Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագրով՝ Ֆրանկլին Գոնսալեսի անձնական տվյալներով։ Ձերբակալվելուց ուղիղ մեկ տարի անց, Չեխիան բավարարել է նախկին նախագահի եղբորորդուն Հայաստանին հանձնելու միջնորդությունը։

Նախորդ տարվա հունիսի 26-ին Ազգային անվտանգության ծառայությունում Նարեկ Սարգսյանի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով: