Արևմուտքը պնդում է՝ ապացույցներ կան, որ Իրանն է խոցել ուկրաինական Boeing-ը

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Օտտավայում ասուլիսի ժամանակ, 8-ը հունվարի, 2020թ.

Կանադայի վարչապետը դարձավ առաջին պաշտոնյան, ով երեկ հրապարակավ հայտարարեց` ապացույցներ կան, որ Իրանն է խոցել «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» օդանավը:

«Մենք բազմաթիվ անպատասխան հարցեր ունենք և չենք հանգստանա, քանի դեռ չենք գտել պատասխանները», - պնդեց Ջասթին Թրյուդոն` ևս մեկ անգամ ցավակցելով զոհերի հարազատներին:​

Երկու օր առաջ Թեհրանի մերձակայքում տեղի ունեցած այս աղետի հետևանքով զոհվել է 176 մարդ, որոնցից 63-ը` Կանադայի քաղաքացի: «Մենք մի քանի աղբյուրներից, այդ թվում` մեր դաշնակիցներից ու մեր սեփական հետախուզությունից ստացված տվյալներ ունենք, որոնք վկայում են` ինքնաթիռը խոցվել է իրանական «երկիր֊օդ» տեսակի հրթիռով։ Հնարավոր է, որ դա տեղի է ունեցել ոչ դիտավորյալ», - ասաց Կանադայի վարչապետը։

Ժամեր անց Թրյուդոյին միացան Մեծ Բրիտանիայի ու Ավստրալիայի վարչապետերը։ «Այժմ հստակ տեղեկատվություն կա, որ օդանավը կործանվել է իրանական հրթիռով», - հայտարարեց Բորիս Ջոնսոնը, կրկին ընդգծելով` աղետն ամենայն հավանականությամբ տեղի է ունեցել ոչ միտումնավոր:

Պաշտոնական այս հայտարարություններից առաջ նույն տեղեկատվությունը տարածել էին ամերիկյան լրատվամիջոցները` հղում անելով Պենտագոնի, ինչպես նաև Միացյալ Նահանգների ու Իրաքի հետախուզության իրենց աղբյուրներին:

CBS հեռուստաընկեությունը հաղորդել էր` արբանյակներն արձանագրել են երկու հրթիռների արձակման ինֆրակարմիր հետքեր, ինչին քիչ անց հետևել է պայթյունը: Newsweek֊ի աղբյուրները պնդել էին` ուկրաինական Boeing-ը խոցվել է ռուսական արտադրության «Տոր» հրթիռով:

Պաշտոնական Պենտագոնը մինչ այս պահը չի հերքել, բայց և չի հաստատել այս պնդումները:

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, սակայն, ժամեր առաջ լրագրողների հետ զրուցում հայտարարեց` արժանահավատ չի համարում պնդումները, թե աղետը տեղի է ունեցել տեխնիկական անսարքության հետևանքով՝ վարկած, որ աղետից անմիջապես հետո առաջ է տանում պաշտոնական Թեհրանը:

«Կասկածներ ունեմ, որ ինչ-որ մեկն այն կողմում սխալմունք է թույլ տվել։ Կատարվածը սարսափելի բան էր», - հայտարարեց Սպիտակ տան ղեկավարը:

Իրանի պաշտոնական աղբյուրներն անհեթեթ են որակում այս պնդումները։ «Գիտականորեն անգամ անհնար է, որ ինքնաթիռը խոցված լինի հրթիռով, այս մասին ասեկոսեները տրամաբանությունից զուրկ են», - ISNA գործակալությանն ասել է Իրանի քաղավիացիայի ղեկավար Ալի Աբեջադեհը:

Իրանցի ակտիվիստ Նարիման Ղարիբը, մինչդեռ, երեկ ուշ երեկոյան մի տեսանյութ էր տարածել, որտեղ ենթադրաբար երևում է` ինչպես է հրթիռը խոցում ուկրաինական օդանավը:

Միջազգային հետաքննող Bellingcat խումբը, վերլուծելով առկա տվյալները, նախնական եզրակացությամբ պնդել էր` տեսանյութը նկարահանվել է Թեհրանից ոչ հեռու գտնվող Փարանդ քաղաքի բնակավայրերից մեկում: Նույն եզրակացությանն էին եկել նաև The New York Times-ի փորձագետները:

Ամերիկյան հեղինակավոր կազմակերպություններից մեկի` Missile Defense Advocacy Alliance֊ի հիմնադիր Ռիկի Էլիասոնը Reuters լրատվական գործակալության հետ զրույցում սեփական վարկածն է առաջ քաշել։ Փորձագետը փաստել է, որ մինչ օդանավի կործանումը Իրանը հարձակվել էր Իրաքում տեղակայված ամերիկյան բազաների վրա, ինչից հետո երկրի զինված ուժերը բերվել էին բարձր մարտական պատրաստության` ամերիկացիների հնարավոր պատասխանին հակազդելու համար: «Չի բացառվում, որ լարված այդ իրավիճակում ինչ֊որ մեկը մարդատար ինքնաթիռը շփոթել է ռազմականի հետ», - կարծիք է հայտնել ռազմական ոլորտի փորձագետը, փաստելով` «երբ հրթիռն արձակված է, վերջ, այլևս անհնար է այն շեղել իր թիրախից»:

Արձագանքելով վերջին զարգացումներին՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել էր արևմտյան դաշնակիցներին ու խնդրել Կիևին փոխանցել աղետի պատճառների մասին ունեցած տեղեկությունները:

«Մեր նպատակն է պարզել անհերքելի ճշմարտությունը, մարդկային կյանքը վեր է քաղաքական ամեն շարժառիթից», - հայտարարել էր Ուկրաինայի նախագահը:

Ժամեր առաջ երկրի արտգործնախարարը Թվիթերում գրել է, որ ինքն ու Զելենսկին հանդիպել են ամերիկացի մի խումբ պաշտոնյաների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների դեսպանի հետ, ովքեր «խիստ արժեքավոր տեղեկություններ են փոխանցել»: Արտգործնախարար Վադիմ Պրիստայկոն փակագծեր չի բացել, միայն նշել է. - «Մենք այս փաստերը կփոխանցենք մեր մասնագետներին՝ վերլուծությունների համար»:

Ակնկալվում է, որ այսօր ավելի ուշ Ուկարինայի նախագահը հեռախոսազրույց կունենա ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի հետ: