Զելենսկի. Կա օդանավի աղետի մի քանի վարկած

Ուկրաինա - Boeing 737-ի անձնակազմի անդամների հիշատակին հարգանքի տուրք են մատուցում նրանց հարազատները, բարեկամները և այլոք, Կիև, 8-ը հունվարի, 2020թ.

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ այսօրվա դրությամբ կա Թեհրանում ուղևորատար օդանավի վթարի մի քանի վարկած:

Զելենսկին հատուկ հեռուստաուղերձով դիմել է հայրենակիցներին և կոչ է արել զերծ մնալ շահարկումներից ու մերժել ոչ արժանահավատ տեղեկատվությունը:

Նա ասել է, որ ուկրաինական կողմը համագործակցում է իրանի մասնագետների հետ:

«45 ուկրաինացի փորձագետներ արդեն ժամանել են Իրան, նրանց թվում են Օդագնացության պետական գործակալության և Օդային աղետների հետաքննության ազգային կենտրոնի ներկայացուցիչները, ինչպես նաև «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» պաշտոնյաները: Նրանք երկու ժամից կհասնեն աղետի վայր: Մենք ենթադրում ենք, որ նրանք կմիանան աղետի հարցով հանձնաժողովի աշխատանքին, այդ թվում՝ «սև արկղերի» արձանագրած տեղեկատվության վերծանմանը», - նշել է Ուկրաինայի նախագահը:

Թեհրան-Կիև չվերթն իրականացնող Boeing 737-ի աղետի հետևանքով զոհվել են բոլոր ուղևորները և անձնակազմի անդամները՝ 176 մարդ:

Զելենսկին վթարի հարցն այսօր հեռախոսով պետք է քննարկի Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ:

Իրանի իշխանության փոխանցմամբ, ըստ նախնական վարկածի՝ աղետի պատճառը տեխնիկական է: