Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կրկին զգուշացնում է հայրենակիցներին` 2020-ը երկրի համար բավական բարդ տարի է լինելու: Այս մասին Լուկաշենկոն հայտարարեց երեքշաբթի օրը Մինսկի ուղղափառ եկեղեցիներից մեկում կազմակերպված Սուրբ Ծննդյան պատարագից անմիջապես հետո:
«Տարին ինչ-որ մեկի համար ծանր է լինելու, ինչ-որ մեկի համար՝ ոչ այնքան, բայց այն հաստատ բարդ է լինելու: Մենք պետք է լուրջ ջանքեր գործադրենք, որպեսզի այս տարվա ընթացքում կարողանանք արժանապատիվ կեցվածք պահպանել, որպեսզի կարողանանք պահպանել մեր երկիրը և մեր անկախությունը», - ասում էր Լուկաշենկոն:
Նոր` 2020 թվականը Բելառուսի համար իրոք դժվարություններով է մեկնարկել: Հետագա ինտեգրման շուրջ բանակցությունների մի քանի անպտուղ փուլերից հետո` տարվա առաջին իսկ ժամերին, ռուսական կողմը ամբողջությամբ դադարեցրեց նավթի մատակարարումները Բելառուսի տարածք:
Մինսկը և Մոսկվան դեկտեմբերի վերջին օրերին այդպես էլ չկարողացան ռուսական նավթի 2020 թվականի մատակարարումների շուրջ նոր համաձայնության գալ: Բելառուսի իշխանություններն ակնկալում էին, որ Մոսկվան կշարունակի էներգակիրները մատակարարել զգալի զեղչով, ռուսական կողմը պատրաստակամություն էր հայտնում դրանք վաճառել բացառապես շուկայական գնով:
Բարդություններ կան նաև ռուսական գազի մատակարարման և դրա` Բելառուսի տարածքով դեպի Եվրոպա տարանցման հարցում: Հունվարի 6-ին հայտնի դարձավ, որ Բելառուսի կառավարությունը և Կենտրոնական բանկը պատրաստվում են միակողմանիորեն փոփոխությունների ենթարկել Ռուսաստանի հետ կնքված միջկառավարական պայմանագիրը` գազի համար վճարումների ընթացքում հրաժարվելով ամերիկյան դոլարից: «Գազպրոմ» ընկերությանը, սակայն, Բելառուսին ռուսական ռուբլով գազ վաճառելու հեռանկարն ակնհայտորեն չի ոգևորում:
Ստեղծված ճգնաժամի ֆոնին Լուկաշենկոն չի բացառում, որ այն բարդությունները, որոնց ժամանակին բախվել է Բելառուսը, առաջիկա ամիսներին կարող են և կրկնվել: Դրանց բացասական հետևանքները նվազագույնի հասցնելու համար Լուկաշենկոն երկրի քաղաքացիներին նախընտրական այս տարում միասնության կոչ է անում:
«Մենք և՛ շրջափակման մեջ ենք եղել, և՛ մեկուսացման, մեր դեմ նաև պատժամիջոցներ են կիրառվել: Բայց մենք Ռուսաստանը չենք, ոչ էլ որևէ խոշոր պետություն կամ էլ ԵՄ: Մենք լուրջ խնդիրներ ենք ունեցել այդ ամենի պատճառով, սակայն կարողացել ենք կանգուն մնալ բացառապես մեր միասնության շնորհիվ», - հայտարարում էր Բելառուսի նախագահը: