Այս գիշեր Իրաքում հրթիռակոծվել են Այն ալ-Ասադի և Էրբիլի ռազմաբազաները, որտեղ տեղակայված են ամերիկյան և կոալիցիոն զինված ուժերը, և մի շարք այլ ռազմական օբյեկտներ: Հարձակման համար պատասխանատվությունը ստանձնել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը:
Հատուկ հայտարարության մեջ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը զգուշացնում է հնարավոր հետագա հարձակումների մասին Մերձավոր Արևելքի այն երկրների տարածքներում, որոնք, «հարթակ կդառնան Միացյալ Նահանգների կողմից ագրեսիայի»:
Ըստ հայտարարության՝ հրթիռային հարվածները պատասխանն են Միացյալ Նահանգների կողմից իրանցի գեներալ Քասեմ Սուլեյմանիի սպանության։
Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Թվիթերում գրել է, թե հրթիռային հարվածները «ինքնապաշտպանության համաչափ միջոց են»։
«Իրանն ինքնապաշտպանության համաչափ միջոցներ է ձեռնարկել՝ համաձայն ՄԱԿ-ի Խարտիայի 51-րդ հոդվածի, թիրախավորելով ռազմակայանը, որտեղից տրվել էր մեր քաղաքացիների և բարձրաստիճան պաշտոնյաների դեմ փոքրոգի զինված հարձակման մեկնարկը», - հայտարարել է Զարիֆը։
«Մենք էսկալացիայի կամ պատերազմի չենք ձգտում, սակայն կպաշտպանենք ինքներս մեզ ցանկացած ագրեսիայից», - շեշտել է Իրանի արտգործնախարարը։
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին հայտարարել է, թե «գիշերվա գործողությունը պարզապես ապտակ էր, բայց Միացյալ Նահանգները պետք է դուրս գա տարածաշրջանից», հաղորդում է IRNA գործակալությունը։
Ավելի վաղ Իրանի խորհրդարանը միաձայն ընդունել է օրենք, որը Պենտագոնը և ԱՄՆ բանակը «ահաբեկիչներ» է ճանաչում:
Միացյալ Նահանգները, Պետդեպարտամենտի խոսնակ Ջոնաթան Հոֆմանի փոխանցմամբ, առայժմ գնահատում է հրթիռային հարվածների հետևանքները։ Հաղորդագրությունների համաձայն՝ Իրանը շուրջ մեկուկես տասնյակ բալիստիկ հրթիռներ է արձակել։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թվիթերում գրել է, թե հարվածներից հետո «ամեն ինչ լավ է», և խոստացել է իրավիճակի վերաբերյալ ճեպազրույց տալ չորեքշաբթի առավոտյան։
«Մեր զինված ուժերը հզորագույնը և լավագույնս զինվածն են՝ աշխարհում որտեղ էլ լինեն», - գրել է ԱՄՆ նախագահը։
Իրանական պետական հեռուստատեսությունը առանց ապացույցներ ներկայացնելու պնդում է, որ հրթիռային հարվածների հետևանքով «առնվազն 80 ահաբեկիչ ԱՄՆ զինվորներ» են զոհվել, Այն ալ-Ասադի ռազմակայանում վնասվել են ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր և այլ սպառազինություն։ Ամերիկյան և իրաքյան աղբյուրների, այդ թվում՝ Էրբիլի քրդերի վկայությամբ, մինչդեռ, հարվածների հետևանքով զոհեր չկան։
Նախորդ օրը Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Մարկ Էսպերը լրագրողներին ասել էր, թե սպասելի է Սուլեյմանիի սպանությանը Իրանի պատասխանը «ինչ-որ ձևով», և իրենք պատրաստ են դրան։