Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է նախագահի իմփիչմենթի հարցով Սենատում ցուցմունք տալու պատրաստակամության մասին:
Ավելի վաղ Թրամփի նախկին խորհրդականը հրաժարվել էր Դեմոկրատական կուսակցության կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատում ցուցմունք տալուց: Սենատում մեծամասնություն են կազմում հանրապետականները:
Բոլթոնը կդառնա Թրամփի վարչակազմի ամենաբարձրաստիճան նախկին պաշտոնյան, ով ցուցմունք կտա նախագահի իմփիչմենթի հարցով, որի հիմքում ԱՄՆ նախագահի կողմից Ուկրաինայի վրա ճնշում գործադրելու մեղադրանքն է:
Դեմոկրատների համոզմամբ, Թրամփն անցյալ տարվա հուլիսին ուկրաինացի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցում փորձել է ճնշում գործադրել նրա վրա` պահանջելով քրեական հետապնդում սկսել առաջիկա նախագահական ընտրություններում իր հավանական մրցակից, ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի և նրա որդու դեմ:
Ակնկալվում է, որ նախագահի իմփիչմենթի գործընթացն այս ամիս կտեղափոխվի Սենատ, որտեղ էլ կորոշվի՝ շարունակում է Թրամփը պաշտոնավարումը, թե ոչ: