Նախորդ տարվա դեկտեմբերի սկզբին Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար նշանակվեց Ավետ Պողոսյանը, մինչ այդ նա զբաղեցրել էր Անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդականի պաշտոնը:
Մինչև Պողոսյանը, Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն էր Վիկտոր Մնացականյանը, որին հեղափոխությունից հետո վարչական շրջանի ղեկավար էր նշանակել կրկին քաղաքապետ Հայկ Մարությանը։ Մնացականյանը, հիշեցնենք, հրաժարական էր տվել 2019 թվականի հոկտեմբերի 24-ին՝ իր ֆեյսբուքյան էջում գրելով, թե ցանկանում է զբաղվել քաղաքային հիմնախնդիրների խորքային ուսումնասիրությամբ, և որ պաշտոնը թողնելու որոշումը քաղաքական դրդապատճառ չունի՝ դա բացառապես իր անձնական որոշումն է։
Մամուլը հաճախ էր գրում, որ Կենտրոն վարչական շրջանի նախկին ու ներկայիս ղեկավարները քաղաքապետի ընկերներն են։
«Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ընթացքում օգտատեր Գյուլնարա Մովսիսյանը հարցրել էր. - «Պարոն Պողոսյան, որքան գիտեմ՝ Դուք, քաղաքապետարանի լրատվական վարչության պետը, քաղաքապետը և Ձեր նորանշանակ տեղակալը վաղեմի ընկերներ եք: Այսպիսի կադրային քաղաքականությունը՝ հիմնված հին ընկերների սկզբունքի վրա, որքանո՞վ է հարիր հեղափոխության տրամաբանությանը»:
Ավետ Պողոսյանը հարցին այսպես պատասխանեց. - «Քաղաքապետ Մարությանը ընտրությունների ժամանակ 81 տոկոս քվե ստացած պաշտոնյա է՝ գերլեգիտիմության պաշարով, այդ մասին, կարծում եմ, կարելի է չքննարկել։ Լրատվության վարչության պետը [Հովսեփ Կուբատյանը], ում մասին խոսվում է հարցի մեջ, մեր լրագրողական համայնքի լավագույն հետաքննող լրագրողներից մեկի մասին է խոսքը, և նա մինչև պաշտոնի անցնելն էլ շատ բացահայտումների է մասնակցել, որոնց մասին այսօր տեղյակ են, մեր հանրությունը տեղյակ է, իսկ նրա նշանակումը, կարծում եմ, ամենամեծ ձեռքբերումներից մեկն է մեր համայնքի և մեր հանրության, որ այդպիսի մարդիկ են աշխատում քաղաքապետ Մարությանի հետ։ Ինչ վերաբերում է ընկերական թիմին, գիտե՞ք, այնպես է ստացվել, ես մեծ ընկերական շրջապատ ունեմ, այո, տենց է ստացվել, բայց աշխատանքը՝ աշխատանքով, ընկերական հարաբերությունները՝ ընկերական հարաբերություններով, մեկը մյուսի հետ որևէ կապ չունի։ Համենայն դեպս, մարդիկ են, ովքեր գերպատասխանատու են, լավ անցած ճանապարհ ունեն և իրենց պարտականությունները կատարում են լավ»։
Երևանի ավագանու տարեվերջյան նիստի ընթացքում Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը, պատասխանելով «Լույս» դաշինքի անդամների հարցադրումներին ու պնդումներին, ասել էր, որ «Լույս»-ում ճգնաժամ կա, ու հորդորել էր այդ ճգնաժամը չօգտագործել նեղ քաղաքական նպատակների համար։ «Հանգիստ եղեք, դուք անտեր չեք մնա», - հավելել էր Պողոսյանը։
Վարչական շրջանի ղեկավարի այս տեքստը քննադատվեց «Լույս» խմբակցության անդամների կողմից, Անի Խաչատրյանը հայտարարեց՝ «քաղաքական տեքստ եք ասում»։
Ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հարցին՝ «որակումներ չկայի՞ն Ձեր այս տեքստում՝ «հանգիստ եղեք, անտեր չեք մնա», կեղտոտ նպատակների համար չօգտագործել, և այլն, շատ չէ՞ր քաղաքական իրոք Ձեր այս ելույթը», Ավետ Պողոսյանն արձագանքեց. - «Նախ՝ քաղաքականի մասով. վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը հայեցողական պաշտոն է և որևէ քաղաքական զսպվածության չի ենթարկվում, իսկ իմ մասնակցությունը ավագանու նիստին կարգավորվում է օրենքով և կանոնադրությամբ ավագանու։ Ինչ վերաբերում է որակումներին՝ էնտեղ իմ խոսքը, ըստ էության, հակադարձում էր Խաժակյանի՝ սրանից մի 5-6 ժամ առաջ ունեցած ելույթին <...>։ Ամեն դեպքում, այո, կեղծ քաղաքական օրակարգ ստեղծելը, կեղծ լրահոսի նյութ ստեղծելը՝ դա կեղտոտ քաղաքական նպատակ է։ Ես ուզում եմ, որ իրանք քաղաքական օրակարգ ստեղծեն և պարտադրեն»։
Ավետ Պողոսյանի նշանակումից հետո մամուլը նաև գրեց, թե նա, եկած-չեկած, աշխատանքից ազատել էր փոխթաղապետ Ձոնիկ Մարգարյանին, որն ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի աներն է։ Օգտատերերից Ալիկ Բադալյանը Ֆեյսբուքյան ասուլիսի էջում հարց էր ուղղել Պողոսյանին. - «Դուք առաջին իսկ օրն աշխատանքից ազատեցիք Ձեր տեղակալին, որպեսզի Ձեր ընկերոջը, պրն. Ազիզյանին բերեք, ով, ի դեպ, տարիներ շարունակ եղել է Ավան վարչական շրջանի ՀՀԿ կառույցի փոխնախագահը։ Դուք ավագանու նիստին խոսում էիք նախկին իշխանություններից և վերջիններիս պահվածքից։ Արդյո՞ք բարոյական եք համարում Ձեր տեղակալի այդտեղ գտնվելն ու Ձեր շփումը»:
«Հարցը շահարկում է, քանի որ այդտեղ օրենսդրական խնդիր կա։ Ուրեմն, երբ որ քաղաքապետի հրամանով նշանակում են նոր վարչական շրջանի ղեկավար, նույն ակնթարթին երկու տեղակալների լիազորությունները դադարեցվում են օրենքով։ Այսինքն՝ ես որևէ փաստաթուղթ որևէ մեկին գործից հանելու, էդ մասով չեմ արել։ Ճիշտն ասած, եթե չեմ սխալվում, որևէ մեկին աշխատանքից չեմ ազատել, նույնիսկ՝ սեփական դիմումի համաձայն, եթե չեմ սխալվում, կարծում եմ՝ չեմ ազատել ոչ մեկին աշխատանքի անցնելուց հետո», - հարցին արձագանքեց Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը։