Մատչելիության հղումներ

Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել


Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել։

Մնացականյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ այս որոշումը կայացրել է, քանի որ ցանկանում է զբաղվել «քաղաքային հիմնախնդիրների խորքային ուսումնասիրությամբ և ուրբանիստիկան մեր ամենօրյա կյանքի անբաժան մասը դարձնելու նպատակով»։ Պաշտոնը թողնելու որոշումը չունի քաղաքական դրդապատճառ և հանդիսանում է բացառապես անձնական որոշում, նշել է նա:

«Համոզված եմ, որ այդ կերպ կկարողանամ շատ ավելի օգտակար լինել իմ սիրելի քաղաքին և երկրին: Այս քայլս ամենևին չի նշանակում, որ հեռանում եմ այն թիմից, որի մասն եմ եղել ու որի հետ աշխատելու պատիվ եմ ունեցել: Թող ոչ ոք չփորձի շահարկել այն քաղաքական նկատառումներով կամ դրա շուրջ դավադրության տեսություններ հյուսել», - գրել է Մնացականյանը։

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին երկրի զարգացման կենսունակ տեսլականի և վստահության համար` ևս մեկ անգամ վերահաստատելով իր աջակցությունը նրա որդեգրած քաղաքական կուրսին՝ շարունակելով. «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին` վստահության և մեկ տարվա համատեղ աշխատանքի համար, Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին և ավագանու անդամ իմ գործընկերներին՝ քաղաքային կառավարման նոր մոտեցման շուրջ միասնաբար և թիմային հանդես գալու համար, իմ ճիշտ մոտիվացված թիմակիցներին, որոնք նվիրումով և պատրաստակամությամբ սատարեցին իմ մեկամյա գործունեությունը, նաև Կենտրոնի սրտացավ բնակիչներին՝ համագործակցության և մեր ուժերին հավատալու համար»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG