Բաբաջանյանը պնդում է՝ «ի դեմս Հրայր Թովմասյանի՝ նախկինների լկտիությունն է ցույց տալ, որ անկոտրում են»

«Ազատության» «Հարցազրույց Կարելն Ասլանյանի հետ» հաղորդման հյուրն է անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։

Ստորև՝ մի հատված հարցազրույցից.

«Ազատություն». – Պարոն Բաբաջանյան, Հրայր Թովմասյանն արդեն մեղադրյալի կարգավիճակում է, բայց ասում է՝ «իմ հրաժարականն են ուզում և արդեն բաց տեքստով չեն ստանա», այսօր էլ Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի և պետական բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ պատարագն էր լսում, հիմա չստացվե՞ց, որ իսկապես իրեն ճնշումների են ենթարկում, ինքն էլ, ինչպես ինքն է ասում, իր խրամատը պահում է, չի ենթարկվում էդ ճնշմանը։

Բաբաջանյան. - Ես կարծում եմ, որ առհասարակ 2019 թվականն այդ իմաստով ամենամեծ բացթողումը դատական իշխանության և առավելապես Սահմանադրական դատարանի այս կազմով 2020 թվական տեղափոխվելու փաստի արձանագրում է։ Դա մեծագույն ձախողումն է քաղաքական իշխող թիմի, և ես կարծում եմ, որ մեր առաջիկա անելիքները ևս շարունակելու են մեծապես կենտրոնացած մնալ դատական իշխանությանը գործադիր և օրենսդիր իշխանություններին համարժեք լեգիտիմություն հաղորդելու շրջանակներում։ Այստեղ երկու կարծիք չի կարող լինել, որ Սահմանադրական դատարանի այս կազմը չի կարող այլևս շարունակել գործել։

Ինձ համար, իհարկե, տհաճ էր այսօր հետևել Հրայր Թովմասյանի ներկայությունը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ունեցող հայրապետական պատարագի ընթացքում, բայց միևնույն ժամանակ, ես նաև հասկանում են նախկինների և այստեղ ի դեմս հենց Հրայր Թովմասյանի լկտիությունը ցույց տալու իր անկոտրում և հետևողական իր մտադրություններում լինելու փաստը։ Այստեղ, իհարկե, կարծում եմ, որ շատ արագ նոր նախաձեռնություններ են առաջիկայում սպասվում այս ճգնաժամը հանգուցալուծելու, որովհետև վաղ կենսաթոշակի վերաբերյալ օրենքը, որը մինչև հունվարի 31-ն է գործելու չեմ կարծում, որ որևէ դատավորի կողմից կընդունվի։ Մենք վերջին զարգացումների համատեքստում լսեցինք տարբեր հայտարարություններ, Սահմանադրական դատարանի առանձին անդամների հարցազրույցներից պարզ դարձավ, որ օրենքն, ըստ էության, չի ծառայելու իր բուն նպատակին։ Ես առավել քան համոզված եմ, որ մինչև մենք Սահմանադրական դատարանի առնվազն 20 տարիների գործունեությանը, եթե չենք կարողանալու Ազգային ժողովով իրավաքաղաքական գնահատականի ենթարկել և մինչև 2015 թվականի առնվազն Սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ Սահմանադրական դատարանի կայացրած որոշումները չենք որակում որպես պետության դեմ ուղղված գործողություն և ընտրություններին և հանրաքվեներին վերաբերող սահմանադրական որոշումները չենք դիտարկում պետության բռնազավթման ընդհանուր համատեքստում, ես կարծում եմ, որ այս ճգնաժամը դժվար է լինելու հաղթահարել, բայց դա անխուսափելիորեն տեղի է ունենալու։ Կուզեի, որպեսզի հեղափոխական թիմը՝ իշխող «Իմ քայլը» խմբակցությունը այս իմաստով ավելի լրջություն և հասունություն հանդես բերի, իմաստնանա և այս խնդրին ձեռնամուխ լինի իր բոլոր ուժով և կարողություններով։

«Ազատություն». – Մինչ Դուք ասում եք՝ պետք է, պետք է, այդ դատարանը որոշումներ է կայացնում, Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունները տեսեք ինչպես սահմանփակեցին, հիմա էլ եվրոպական կառույցներից է սպասում եզրակացության, որ Քոչարյանի գործով որոշում կայացնի։

Բաբաջանյան. – Ես ճիշտն ասած տեղեկություններ ունեմ, որ դեկտեմբերի սկզբին, օրինակ, երբ Սահմանադրական դատարանի մեծ մասը գտնվում էր Լատվիայում և նրանք հյուրընկալվել էին Լատվիայի Սահմանադրական դատարանին, այնտեղ նույնիսկ այնպիսի հայտարարություններ են հնչեցրել, որոնք ուղիղ հարվածում են մեր երկրի սուվերենությանը և անկախության նկատմամբ ոտնձգություններ են, իսկ ես հասկանում եմ, որ այս դատարանը, որը նախկին իշխանության կողմից նշանակված դատարան է և մեծ հաշվով այսօր կատարում է հակահեղափոխական ամբողջ ներկապնակի պատվերը Սահմանադրական դատարանում, նրանք միջոցների մեջ խտրություն չեն դնելու և նրանք գործելու են հենց նախկին տրամաբանությամբ։

Ես չեմ ուզում քննեմ նրանց գործողությունները։ Իմ գլխավոր խնդիրը մեր անելիքներն են՝ ինչ պետք է անեմ, ինչ պետք է մենք անենք, որպեսզի թույլ չտանք, որպեսզի նրանց ծրագրերը, նրանց նպատակները ի վերջո այսօրվա և անցյալի դիսկուրսը տևապես շարունակելու նրանց նպատակադրումը այլևս փոխենք այսօրվա և վաղվա, վաղվա և ապագայի դիսկուրսի, որովհետև ի վերջո, ես կարծում եմ, որ մերժելու համար Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Վանեցյանին, Միքայել Մինասյանին և մնացածին, մենք մի միջոց պիտի ունենանք, դա ապագայի և բացառապես ապագայի ու վաղվա օրվա շուրջ ծրագրային, հայեցակարգային որակյալ քննարկումներ կազմակերպելն է, ինչն ի դեպ ասեմ, որ խորհրդարանում ընդդիմությանն այդպես էլ չի հաջողվել։ Խորհրդարանական ընդդիմությունը մեծապես ձախողել է իր գլխավոր գործառույթի մեջ փոխզսպող և հակակշռող լինելու իշխանությանը և իսկապես ավելի լավը լինելու, ավելի լավ առաջարկ բերելու։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.