Միացյալ Նահանգների նախագահի հրամանով ամերիկյան օդուժն անցած գիշեր Բաղդադում սպանել է Իրանի ամենաազդեցիկ ու հեղինակավոր զինվորականներից մեկին՝ հատուկ ստորաբաժանման հրամանատար, գեներալ Քասեմ Սուլեյմանիին: Հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է՝ դաժան հակահարվածը չի ուշանա, դիմակայությունը կշարունակվի կրկնապատկված ուժով:
Սուլեյմանին ավելի քան 20 տարի գլխավորում էր Հեղափոխության պահապանների կորպուսի մաս կազմող հատուկ ստորաբաժանումը՝ «Ալ Քուդսը», որը գաղտնի գործողություններ է իրականացնում Իրանի սահմաններից դուրս և ենթարկվում անմիջապես գերագույն առաջնորդ այաթոլա Խամենեիին:
62-ամյա բարձրաստիճան զինվորականը համարվում էր զինված ուժերի գորշ կարդինալը, ով առաջ էր տանում Իրանի շահերը Մերձավոր Արևելքում: Արևմտյան լրատվամիջոցները հաճախ նշում էին, որ հենց նա է համոզել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին միջամտել սիրիական ներքաղաքական պատերազմին, ինչն ամբողջովին փոխեց ուժերի դասավորությունը տարածաշրջանում: Հաստատելով ազդեցիկ գեներալի սպանության լուրը՝ Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակ, գեներալ Ռամեզան Շարիֆն այսօր հայտարարեց՝ այդ քայլն անպատասխան չի մնա. - «Ամերիկացիների ու հրեաների ուրախությունը երկար չի շարունակվի և շուտով կվերածվի սգի: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, Իրանի ժողովուրդը և իսլամական աշխարհը շուտով հաշվեհարդար կտեսնի»:
Իրանի աջակցությունը վայելող լիբանանյան «Հզբոլահ» խմբավորումն իր հերթին կոչ է արել աջակիցներին դիմակայության դուրս գալ ողջ աշխարհով մեկ և վրեժ լուծել կատարվածի համար:
Ամերիկյան օդուժի հատուկ գործողությունը տեղի ունեցավ Թեհրանի և Վաշինգտոնի միջև ծայրաստիճան լարված հարաբերությունների ֆոնին: Դեկտեմբերին 27-ին հարձակման էր ենթարկվել Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմակայանը, զոհվել էր ամերիկացի պայմանագրային մի զինծառայող, Վաշինգտոնը մեղադրել էր Թեհրանին: Ամերիկյան օդուժի պատասխան գործողության զոհ էին դարձել իրանամետ զինյալ խմբավորումներից մեկի 25 ներկայացուցիչներ: Հաջորդ օրը հարյուրավոր ցուցարարներ գրոհել էին Բաղդադում ամերիկյան դեսպանատունը և երկու օր այն պահել պաշարման մեջ: Վաշինգտոնը հավելյալ 750 զինվոր էր ուղարկել տարածաշրջան, պաշտպանության նախարար Մարկ Էսպերն էլ պնդել էր՝ խաղի կանոններն այլևս փոխվել են:
«Բաղդադում իրականացած գործողության նպատակն էր կանխել Իրանի հետագա հարձակումները», - այսօր հայտարարել է Պենտագոնը՝ մանրամասնելով՝ «գեներալ Սուլեյմանին ակտիվորեն ծրագրում էր հարձակումներ ամերիկացի դիվանագետներ և զինվորականների դեմ Իրաքում և ողջ տարածաշրջանում: Դրանք կանխելու հատուկ գործողությունն իրականացվել է նախագահ Թրամփի հրամանով»:
Ինքը՝ Սպիտակ տան ղեկավարը, ամերիկյան օդուժի հատուկ գործողությունից հետո Թվիթերում հրապարակել է Միացյալ Նահանգների դրոշը՝ առանց որևէ մեկնաբանության:
Փորձագետները փաստում են, որ սա Վաշինգտոնի և Թեհրանի միջև լարված հարաբերությունների ամենալուրջ միջադեպն է վերջին մի քանի տասնամյակում, ինչը մտահոգությունների ալիք է բարձրացրել ողջ աշխարհում: «Վերջին շաբաթներին սկսված բռնությունների ու սադրանքների ալիքին պետք է վերջ տրվի, հետագա լարվածությունը՝ ամեն գնով կանխվի», - հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Չարլզ Միշելը:
Ռազմական գործողությունը քննադատել են նաև Ռուսաստանն ու Չինաստանը, որոնք եվրոպացիների հետ փորձում էին պահպանել Իրանի միջուկային ծրագրի շուրջ 2015-ին ստորագրված պայմանագիրը. - «Կոչ ենք անում կողմերին, հատկապես Միացյալ Նահանգներին զսպվածություն պահպանել իրավիճակի հետագա սրացումից խուսափելու համար», - հայտարարել է Չինաստանի արտգործնախարարությունը:
Ռուսաստանը պնդել է՝ Սոլեյմանիի սպանությունն անխոհեմ քայլ էր. «Տարածաշրջանում լարվածությունը խորացնելուց և միլիոնավոր մարդկանց վնասելուց բացի, այն որևէ այլ արդյունքի չի հանգեցնի», - Facebook սոցիալական ցանցում գրել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան:
«Մենք արթնացանք առավել վտանգավոր աշխարհում», - իր հերթին պնդել է Ֆրանսիայի փոխարտգործնախարար Ամելի դը Մոնշալընը՝ մանրամասնելով՝ «տեղի է ունենում այն, ինչից ամենաշատն էինք վախենում՝ Միացյալ Նահանգների և Իրանի միջև լարվածությունն էլ ավելի է խորանում»:
Ընդ որում, Ֆրանսիայի կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչը նշել է՝ նախագահ Մակրոնը ծրագրում է խոսել կողմերի հետ՝ լարվածության խորացումը կանխելու համար: Մինչ այդ՝ այսօր առավոտյան, Պետդեպարտամենտը հորդորել է Իրաքում գտնվող ամերիկացիներին հեռանալ երկրից:
Փորձագետները փաստում են, որ դրամատիկ այս զարգացումները կարող են էլ ավելի սրել առանց այդ էլ լարված իրավիճակը Մերձավոր արևելքում: Ամերիկյան օդուժի հարվածներից հետո անմիջապես հետո նավթի գները համաշխարհային շուկայումաճել են չորս տոկոսով: