Տոնական օրերին սահմանին և շփման գծում «լարվածություն չի եղել»

Ամանորի գիշերը և հաջորդող օրերին սահմանին և շփման գծում լարվածություն չի եղել, վիճակը եղել է նորմալ, համեմատաբար քիչ կրակոցներով: Այս մասին «Ազատությանը» փոխանցեց Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Արցախում ևս նոր տարվա գիշերն անցել է համամետաբար խաղաղ, սակայն, ինչպես փոխանցեց Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը, ծառայությունը եղել է ուժեղացված, զգոնությունը՝ բարձր:

«Տոնական օրերին հատկապես կրկնակի զգոնություն է տիրում, ինչը բնական է, որովհետև այլ տարբերակ չկա, քանի որ հակառակորդը միշտ էլ աչքի է ընկել իր նենգությամբ և տոն օրերին միշտ փորձում է ինչ-որ քայլերի դիմել, բայց ընդհանուր առմամբ նորմալ է եղել, հանգիստ է, տղաները կանգնած են, վերահսկում են, իրենց գործը կատարում են փայլուն ձևով», - ասաց նա:

Դավիթ Բաբայանը նկատում է՝ անցած 2019 թվականին զինադադարի ռեժիմի խախտման դեպքերը կտրուկ նվազել են, ինչը, ըստ նրա, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալևի հանդիպումների ու պայմանավորվածութունների արդյունք է։ Միևնույն ժամանակ Բաբայանը նկատում է՝ այլ հարթություններում Ադրբեջանը ավելի է սաստկացրել իր ագրեսիվ քաղաքականությունը. «Կլինի դա դիվանագիտական դաշտում, քաղաքական դաշտում, տեղեկատվական դաշտում, ռազմական առումով տեսնում եք, թե ինչպիսի զինավարժություններ են կատարել, 2019 թիվն աննախադեպ է եղել զինավարժությունների տեսանկյունից, Թուրքիայի հետ հատկապես համատեղ և այնտեղ ընդգրկված տեխնիկայի և զորքի քանակով: Տարբեր տիպի զենք-զինամթերք է գնել, վարել է ագրեսիվ քաղաքականություն: Գիտեք՝ տարբեր ոլորտներում փաստաթղթեր է շրջանառել, էլի է խոսել, այսպես, իր կարծր դիրքերից: Այսինքն՝ այս հարությունում որևէ բան չի փոխվել, կատարելի է տարբեր տիպի ինժեներաշինարարական աշխատանքներ: Այսինքն՝ իր նպատակները, ցանկություններն ու իղձերը չեն փոխվել»:

Տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը հայտարարել էր, որ հակառակորդի կողմից կրակոցները քանակային առումով 1.3 անգամ նվազել են։ Ըստ Դավթյանի, հակառակորդի կողմից զոհերի թվաքանակի պակասն էլ ոչ այնքան կրակոցների թվի իջեցման, որքան զինված ուժերում իրականացված աշխատանքների արդյունք է, մանսավորպես մարտական հերթապահության պայմանների և մարտական պատրաստության բարելավման։