Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ մեծ ջանքեր է գործադրում, որպեսզի հզորացնի Նախիջևանի համազորային բանակը։ Հակառակորդն այնպիսի սպառազինություն է կուտակել Նախիջևանի տարածքում, ինչպիսին մինչ այդ չէր եղել, այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում հայտարարեց Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։ Սակայն, պաշտոնյայի խոսքով՝ հայկական կողմը ձեռնարկում է քայլեր, որ հակառակորդը սպառազինությամբ չգերազանցի։
«Նախիջևանի ուղղության վրա մենք ունեցանք սպառազինության, ռազմական տեխնիկայի որոշակի նմուշների ավելացում, գործող ստորաբաժանումների կրակային խուսավարման հնարավորությունների ավելացում: Սա մեզ թույլ է տալիս ընդհանուր ասել, որ այս ուղղությամբ մարտական հենակետերի համակարգում վատացում մենք չենք ունեցել, պաշտոնապես դա ուզում եմ շեշտել: Մենք ունեցել ենք որոշակի բարելավում, բայց որը կրել է մարտավարական բնույթ», - ասաց նա:
Դեռ անցած տարի Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մոտ 30 րոպե տևողությամբ տեսանյութ էր հրապարակել՝ պնդելով, թե շուրջ 11 հազար հեկտար հայկական տարածք է գրավել, տեղակայել նոր դիրքեր, դրանց համար կառուցել 50 կմ ճանապարհ։ Սակայն, ավելի ուշ հայկական կողմից արձագանքեցին՝ Ադրբեջանի առաջխաղացումը բացառապես սեփական տարածքում է եղել։ Արտակ Դավթյանի ներկայացմամբ՝ հայկական կողմը 30-ից 40 տոկոսով գերիշխող դիրքում է Նախիջևանի հատվածում։
«Կոնկրետ Նախիջևանի օպերացիոն ուղղության վրա շահարկումները, որոնք պարբերաբար լինում են, բավական շատ մեկնաբանությունններ եղան նախկին դեպքերի առիթով, եթե հիշում եք, նաև կազմակերպեցինք լրագրողների այցելությունները տեղում, որպեսզի նկարահանեն, տեսնեն իրավիճակը: Էական փոփոխություններ այս պահի դրությամբ չկան, մենք ունեցել ենք վերջին 2-3 ամսվա ընթացքում որոշակի փոփոխություններ մեր դիրքերի բարելավման առումով, բայց դրանք ընդհանուր ռազմավարական տեսակետից ունեն տեղային բնույթ», - հայտարարեց նա:
Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը 2019-ը զինված ուժեր համար ձեռքբերումների տարի է համարում, առաջինը մատնանշում անցած տարի անցկացված զորավարժությունները, որոնք, ըստ Պաշտպանության նախարարության, իրենց ծավալով աննախադեպ էին։ Տարին հաջող էր նաև սպառազինության ավելացման առումով։ Ներկայումս, ըստ Արտակ Դավթյանի, Հայաստանն ունի սպառազինության 80 պայմանագիր՝ կարճաժամկետ ու երկարաժամկետ բնույթի։ Նրանց մի մասը դեռ նախորդ իշխանությունների ժամանակ է կնքվել. - «Գիտեք՝ ոնց է, բաժանել իշխանությունների նախկին և հիմա, բոլորն էլ աշխատում են բանակի հզորության, երկրի անվտանգության համար: Մեկ ցուցանիշ ասեմ, որ SU-30-ների պայմանագիրը կնքվել է հեղափոխությունից հետո գործող իշխանությունների կողմից, եթե կոնկրետ մեծերի մասին ենք խոսում: Կան որոշակի բաներ, որ եղել են երկարաժամկետ պայմանագրերով, դա նույնպես իրականացվում է, բայց հիմնական մասով պայմանագրերը, որոնք հիմա իրագործում ենք, կնքված են վերջին մեկուկես տարվա ընթացքում»:
Արտակ Դավթյանի խոսքով՝ Հայաստանն ավելացնում է ռազմական բյուջեն։ Ի դեպ, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը տեղեկացրեց, որ ԶՈւ-ում մահվան դեպքերն ու պատահարները 20 տոկոսով նվազել են։