Իրանամետ զինյալ խմբավորումը կոչ է արել աջակիցներին դադարեցնել բողոքի ակցիան Բաղդադում ԱՄՆ դեսպանատան դեմ

Իրաք - Ցուցարարները հարձակվում են ԱՄՆ դեսպանատան վրա, Բաղդադ, 31-ը դեկտեմբերի, 2019թ.

Իրանամետ զինյալ խմբավորումը կոչ է արել աջակիցներին դադարեցնել բողոքի ակցիան Բաղդադում ամերիկյան դեսպանատան դեմ և դուրս գալ տարածքից՝ անսալով Իրաքի իշխանությունների հորդորներին: Ավելի վաղ ամերիկյան զորքերն արցունքաբեր գազ էին կիրառել ցուցարարների դեմ, որոնք երկրորդ օրն է՝ փորձում էին գրոհել դեսպանատունը:

Նախօրեին ցուցարարները կոտրել էին դեսպանատան դարպասները, այրել նախամուտքը: Reuters լրատվական գործակալության հաղորդմամբ՝ 12 ոստիկան վնասվածքներ էր ստացել:

Բողոքի պատճառը ամերիկյան օդուժի կողմից անցած շաբաթ Սիրիայում և Իրաքում իրականացված գործողությունն է, որի հետևանքով սպանվել են Իրանի աջակցությամբ գործող զինված խմբավորման առնվազն 25 անդամներ:

Հարձակումից անմիջապես հետո Վաշինգտոնը հավելյալ 750 զինվոր է ուղարկել Մերձավոր Արևելք, հաղորդվում է, որ առաջիկա օրերին այս թիվը կարող է առնվազն քառապատկվել:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատարվածի համար մեղադրել է Թեհրանին: «Նրանք շատ թանկ կվճարեն», - տարեմուտից առաջ Թվիթերում գրել է Սպիտակ տան ղեկավարը: Ավելի ուշ, լրագրողների հետ զրույցում նա, այդուամենայնիվ, հստակեցրել է՝ Իրանի հետ պատերազմ չի ուզում: