2020-ը թվականը բավական հագեցած է լինելու, «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
Մանրամասնելով նախարարը նշեց. - «Հիմք ենք դնում նոր աղբավայրի կառուցման՝ Կոտայք-Գեղարքունիք՝ ժամանակակից միջազգային ստանդարտներին համապատասխան, 2 մարզերի բոլոր համայնքներից հավաքված աղբն է տեղափոխվելու այնտեղ»:
Հարցին՝ հիմա ի՞նչ պատկեր է, նախարարն արձագանքեց. - «Հիմա տարբեր համայնքներ ունեն աղբավայրեր, որոնք հեռու են աղբավայր լինելուց, քամին տանում է այն հեռու դաշտեր»:
Նախարարը տեղեկացրեց, որ բավականին կարևոր ուղղություններ կան էներգետիկայի ոլորտում, շարունակվելու է դեպի Իրան 3-րդ բարձրավոլտ էլեկտրագծի կառուցումը, և իրանական կողմի համոզմամբ՝ հաջորդ տարվա վերջում այն կավարտվի ու շահագործման կհանձնվի: Բացի այդ 2020 թվին մեկնարկում է Հայաստան-Վրաստան էլեկտրագծի կառուցումը իր 2 ենթակայանով և մեկ փոխակերպիչ կայանով. - «Սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է դառնալ տարանցիկ ճանապարհ էլեկտրաէներգիա տեղափոխելու համար», - նկատեց Սուրեն Պապիկյանը:
Ինչ վերաբերում է հրապարակումներին, թե «դիմադրողները հայտնվում են քրեական պատմությունների մեջ», մասնավորապես «Հրապարակը» գրել էր, որ համայնքապետերին «լավով զգուշացնում են», և հաջորդը Ջերմուկի քաղաքապետի դեմ է քրեական գործ հարուցվելու, նախարարն այսպես արձագանքեց. - «Կարող եմ լայն ժպտալ, արձագանքս կարող է լինել հետևյալը՝ Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել գեթ մեկ համայնքապետ, ով կհաստատի, որ տարածքային կառավարման նախարարի կողմից իր վրա ճնշում է գործադրվում, կամ այն քրեական գործերը, որոնցով անցնում են շատ համայնքապետեր, դա պայմանավորված է պաշտոնը չզիջելով կամ հրաժարական չտալով: Սա հեռու է իրականությունից, ինձ նաև հակառակում են մեղադրում, հանրությունը մեղադրում է, որ ես պետք է պարտադրեմ համայնքապետերին, որ նրանք հրաժարական տան: Իմ տիրույթում չէ ՏԻՄ ղեկավարներին պաշտոնանկ անել կամ այդ պաշտոնին նշանակել, դա ընտրովի մարմին է»:
Դիտարկմանը, որ շատ գործիչներ էլ, ում դեմ քրեական գործեր են հարուցված, օրինակ՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը, հայտարարում են, որ քաղաքական հետապնդման են ենթարկվում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Պապիկյանը պատասխանեց. - «Ես դա կանվանեմ ընդամենը քաղաքական շահարկում, որովհետև այստեղ քաղաքականցված չէ հարցը, մենք խոսում են Հայաստանի Հանրապետությունում օրինականության վերաբերյալ և օրինական պրոցեդուրաների մասին, օրենքը հավասար է թե այդ գործիչների, թե նաև մեր թիմակիցների համար, որևէ մեկը եթե օրինազանց է, ապահովագրված չէ, որ ՀՀ-ում օրենքը նրա վրա չի ազդելու»:
Օգտատերերից մեկի հարցին՝ ի՞նչ մեթոդներով է փորձում բացահայտել կոռուպցիան, և իր ոլորտում որ հատվածներն են ամենառիսկայինը կոռուպցիայի տեսակետից, Սուրեն Պապիկյանն ասաց. - «Մենք ունենք իրավապահ համակարգ, եթե ռիսկեր տեսանելի են, դիմում եմ իրավապահներին, պատկան մարմիններին, նրանք համապատասխան հետաքննություն են անցկացնում»:
Իսկ ամենառիսկայինն, ըստ նրա, տենդեռներին է վերաբերում, որտեղ նախկինում գործել է ծանոթ-բարեկամ, պայմանավորված մասնակցություն, կապալատռուների պայմանավորվածություն և նմանատիպ այդ մեթոդներ:
Սուրեն Պապիկյանը վստահեցրեց նաև՝ հանցագործների նկատմամբ պատիժ լինելու է, բացահայտումները հրապարակային են. - «Արդեն 23 միլիարդն անցել է չարաշահումների, որը կապված է Հյուսիս-Հարավի հետ: Ես վստահ եմ՝ որևէ անձ, որ Հայաստանի Հանրապետությունում մտածել է՝ կարելի է ժողովրդի միջոցների, պետության հաշվին հարստանալ, իրեն վատ անակնկալ է սպասվում օրենքի ողջ խստությամբ»:
Հյուսիս-Հարավի վերաբերյալ նախարարն ասաց՝ տարիներ են պետք ամբողջ ճանապարհն ավարտելու համար, սակայն Թալին-Գյումրի ուղղությունը 2020-ի վերջում միգուցե հնարավոր կլինի ավարտին հասցնել: