2019 թվականն էական նշանակություն ուներ Զինված ուժերի համար, տարին հագեցած էր փոքր և մեծ ձեռքբերումներով, հայտարարում է Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն իր ամանորյա շնորհավորական ուղերձում։
«2019 թվականի ընթացքում Զինված ուժերի ղեկավարությունը լայնածավալ աշխատանքներ է իրականացրել Զինված ուժերի արդիականացման, մարտական հերթապահության անվտանգության մակարդակը բարձրացնելու, հայրենական արտադրության զինատեսակները փորձարկելու և ռազմապաշարը համալրելու ուղղությամբ: Զինված ուժերը համալրվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր միջոցներով, որոնք համապատասխանում են մեր խնդիրների կատարման առանձնահատկություններին, հարմար են տեղանքի բնակլիմայական պայմաններում շահագործման համար և ավելի հեշտ են յուրացվում անձնակազմի կողմից», - Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասված է ուղերձում։
Գլխավոր շտաբի պետը նշում է՝ անցնող տարվա զինվորական կարևորագույն իրադարձություններից մեկը լայնածավալ ռազմավարական զորավարժություններն էին, «որ աննախադեպ էին նոր ձեռք բերված զինատեսակների փորձարկմամբ և պահեստազորայինների ներգրավմամբ»:
2019-ի նշանակալից նորարարություններից մեկը, ըստ Դավթյանի, Զինված ուժերում սննդի կազմակերպման կարգի փոփոխությունն էր, որն աստիճանաբար կընդգրկի ամբողջ Զինված ուժերը:
«Աշխատանքներ են կատարվել նաև մարտական հենակետերն ամրացնելու, ավելի անվտանգ դարձնելու և նորագույն տեխնիկայով հագեցնելու ուղղությամբ: Բարելավվել են մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների կենցաղային պայմանները: Եվ այս ամենի արդյունքում 2018 թվականի համեմատ 2019 թվականին Զինված ուժերում 22 տոկոսով նվազել է զոհերի (մահերի) թիվը, որից ծառայության հետ կապված դեպքերը՝ մոտ 48 տոկոսով», - ընդգծում է գեներալ-լեյտենանտը։
«Ամփոփելով անցնող տարվա հաջողությունները՝ Զինված ուժերի հրամանատարության և անձամբ իմ անունից հավաստիացնում եմ՝ մեր բանակն այսօր ավելի ուժեղ է, քան երբևէ, և պատրաստ է լիարժեք կատարել հայկական երկու պետությունների սահմաններն անձեռնմխելի պահելու պատվավոր առաքելությունը», - ասված է ուղերձում։
Շնորհավորելով և մաղթելով խաղաղություն՝ Արտակ Դավթյանն ընդգծում է. - «Այո´, մենք պատերազմ չենք ուզում, բայց գիտակցում ենք՝ պատերազմին պատրաստ լինելով միայն կարելի է խաղաղություն հաստատել: Ամեն օր հազարավոր զինծառայողներ` հենց մեր զավակները, եղբայրներն ու հայրերն են, որ պահում և պարտադրում են այդ խաղաղությունը, և փայլուն են կատարում իրենց առջև դրված խնդիրները: Հատկապես շնորհավորում եմ զոհված զինծառայողների հարազատներին, ոգու տոկունություն և արիություն եմ մաղթում ձեզ: Ձեր որդիների սխրանքը երբեք չի մոռացվի»:
ԶՈՒ ԳՇ պետը շնորհակալություն է հայտնում նաև «այս տոնական օրերին կրկնակի զգոնությամբ հայկական երկու հանրապետությունների սահմաններին մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին»: