Մատչելիության հղումներ

Հայաստանի զինված ուժերը համալրած նոր կործանիչները ներկայացվեցին վարչապետին


Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացվեցին Հայաստան բերված Սու- 30ՍՄ բազմաֆունկցիոնալ գերժամանակակից ինքնաթիռների առաջին թռիչքին։

Վարչապետը հայտարարեց, որ այդ ինքնաթիռները տարվա գլխավոր ձեռքբերումն են. - «Այսօր շատ կարևոր օր է մեզ համար, որովհետև ժամանում են մեր այս տարվա գլխավոր ձեռքբերումը համարվող «ՍՈՒ-30ՍՄ» մակնիշի գերժամանակակից բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ, որոնց ձեռքբերման մտադրության մասին դեռ նախորդ տարի էինք հայտնել: Այսինքն՝ ժամանում է ինքնաթիռների առաջին խմբաքանակը, և այս ձեռքբերումը շրջադարձային նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության անվտանգության, մեր ժողովրդի ապահովման գործում»։

Թե քանի ինքնաթիռ է ձեռք բերվել, հայտնի չէ: «Շիրակ» օդանավակայանում կայանվածները չորսն էին: Ինքնաթիռների առաջին թռիչքներն իրականացում էին ռուս օդաչուները: Վարչապետը Պաշտպանության նախարարի հետ ծանոթացավ դրանց հնարավորություններին:

Գյումրի այցելելուց առաջ վարչապետ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ ձեռք է բերվել նաև հակաօդային պաշտպանության Օսա-ԱԿ համալիրների խոշոր խմբաքանակ, որն այլ զինտեխնիկայով մոդեռնազացվելու է և Հայաստանի օդային սահմանները դարձնում է անխոցելի:

Ձեռք բերված զինտեխնիկային ծանոթանալուց հետո վարչապետը շրջեց Գյումրիում Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի վարկային միջոցներով հիմնանորոգված ճանապարհներով, հետո մասնակցեց սոցիալական 18 բնակարանների շահագործման հանձնելու արարողությանը: Ամերիկահայ բարերարների հանգանակություններով են արդեն երրորդ տարին Գյումրիում կառուցվում սոցիալական բնակարաններ:

Փաշինյանն անակնկալ այց կատարեց նաև նորակառույց մաքսատուն: Այստեղ կուտակված մեքենաների հերթը ձգվում է 3 կիլոմետրից ավելի: Վարչապետը մաքսատուն չհասցրեց հասնել. մաքսազերծման հերթի սպասողները ճանապարհը փակեցին ու ներկայացրին իրենց դժգոհությունները` մեծ հերթերից, մաքսազերձման ժամկետների սահմանափակումներից, հերթի վաճառքից։

Վարչապետը նշեց, որ տեղյակ է հերթերի վաճառքից ու տեղում մարզային ոստիկանության պետի պաշտոնակատարին հանձնարարեց ուժեղացված հսկողություն սահմանել: Թե չէ, ինչպես նկատեց Նիկոլ Փաշինյանը, «հերթ նայողներ» էլ կհայտնվեն։

Վարչապետը այցի ավարտից հետո ֆեյսբուքյան էջում տեղեկացրեց, որ մաքսատունը այսօրվանից մինչև դեկտեմբերի 31-ը կաշխատի շուրջօրյա:

Հյուսիսային մաքսատան պետ Ռուսլան Գրիգորյանը նշեց, որ իրենք մաքսիմալ հնարավորություններով են աշխատում, մի քանի օր է, ինչ օրական 1200-1300 մեքենա են մաքսազերծում:

Արդյո՞ք տեղեկություն ունեն, թե Հայաստան որքան մեքեան է ներկրվում վերջին օրերին: «Մինչև ամսի 24-ը օրական Հայաստան մուտք էր գործում մոտավորապես 1200-1400 ինքնաշարժ եղանակով մեքենա։ Երեկ ինձ զեկուցել են, որ մտել ա 2300 մեքենա», - ասաց մաքսատան պետը։

Մեքեանաների ներկրման նման ծավալների աճը պայմանավորված է հունվարի 1֊ից ուժի մեջ մտնող ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերով, որոնք էականորեն բարձրանալու են: Մարդիկ շտապում են նախքան դրույքաչափերի բարձրանալը մեքենա գնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG