Արցախում գործող «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանի պնդմամբ՝ Լեռնային Ղարաբաղի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի նախընտրական արշավի համար ծախսվող գումարի մի մասը «հնարավոր է լվացված փողեր են»։
Գալիք տարվա գարնանը Արցախում կայանալու են նախագահական ու խորհրդարանական ընտրություններ, և Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, արտգործնախարար Մասիս Մայիլյանը, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանն ու ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը հայտարարել են իրենց թեկնածությունների առաջադրման մասին։
Հայկ Խանումյանն այսօր ասաց՝ ինքը ևս մտադիր է մասնակցել նախագահական ընտրություններին։
Խանումյան. - Քվեարկության ընթացքը կանցնի նորմալ, որովհետև Հայաստանի Հանրապետության կառավարությունը զգալի ջանքեր է գործադրել այդ ուղղությամբ. դիտորդական առաքելությունների ֆինանսավորում, համապատասխան երաշխիքներ։ Սակայն ընդհանուր դաշտն էնպիսին է, որ կան քաղաքական ուժեր, որ ակնհայտորեն հսկայական միջոցներ են ծախսում, Արցախի համար աննախադեպ գումարներ են ծախսում տարբեր հիմնադրամների միջոցով, տարբեր կառույցների միջոցով՝ իրենց ազդեցությունը դոմինանտ դարձնելու համար։ Զուտ ֆորմալ առումով՝ դա ընտրակաշառք չի, որովհետև նախընտրական քարոզչության փուլում չի տեղի ունենում, բայց իրականում գնում է բնակչության համատարած կաշառման գործընթաց՝ տարբեր հիմնադրամների, տարբեր կառույցների, հասարակական կազմակերպությունների միջոցով»։
«Ազատություն». - Ի՞նչ նկատի ունեք։
Խանումյան. - Խոսքը հիմնականում վերաբերում է «Ազատ հայրենիք» կուսակցությանը և նրա ղեկավարին՝ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանին։ Արցախում կան գրանցված մի շարք հիմնադրամներ, որոնք բնակչության տարբեր խավերի, ենթադրենք, ուսանողությանը, դասախոսներին կամ երիտասարդությանը գյուղական առաջարկում են տարբեր ծառայություններ, օրինակ, էքսկուրսիաներ Սև ծովի ափ կամ Երևան, Դիլիջան, Ծաղկաձոր, տարբեր ուղղություններով, որտեղ ակնհայտ գնում է Արայիկ Հարությունյանի քարոզը։ Այդ էքսկուրսիաներին հաճախ մասնակցում է նույն Արայիկ Հարությունյանը՝ հանդիպելով էքսկուրսիայի եկած խմբերին տարբեր վայրերում։
«Ազատություն». – Այսինքն՝ մի քանի տասնյակ երիտասարդներ մեկնե՞լ են Սև ծով։
Խանումյան. - Մի քանի տասնյակ չի, դրանց թիվը հազարների է հասնում, հազարավորների մասին է խոսքը։ Հազարավոր մարդիկ նմանատիպ ծրագրերից օգտվել են և ստեղծել են նաև տարբեր հիմնադրամներ, որոնք էժան տոկոսներով վարկեր, փոխառություններ կամ անտոկոս փոխառություններ են տրամադրում։
«Ազատություն». – Դուք կարծո՞ւմ եք, որ այդ ամենը ֆինանսավորում է Արայիկ Հարությունյանը։
Խանումյան. – Եթե ոչ Արայիկ Հարությունյանը, ապա Արայիկ Հարությունյանին սատարող ուժերը, այո, նաև Արայիկ Հարությունյանը, վստահ եմ։ Ենթադրենք՝ էդ հիմնադրամներից մեկին նաև «Ղարաբաղ Տելեկոմն» է ֆինանսավորել, որի ապօրինի շահերը տարիներ շարունակ Արայիկ Հարությունյանը պաշտպանել է։ Այդ գումարների ծագումը, որ այսօր ծախսվում է Արցախում քաղաքական նպատակներով, խիստ կասկածելի է։ Ես ասում եմ, այո, որ Արայիկ Հարությունյանի համար ծախսվող գումարների մի մասը հնարավոր է լվացված փողեր են կամ լվացվող փողեր են։ Էդ մեխանիզմների մասին ես բազմիցս խոսել եմ նաև Ազգային ժողովի ամբիոնից, և եթե ուշադիր ուսումնասիրենք, թե, ենթադրենք, ինչպե՞ս են Արցախի ներդրումային հիմնադրամից հսկայական գումարներ փոխանցվել չաշխատող ընկերություն գնելու համար, ենթադրենք, Արայիկ Հարությունյանի և Սերժ Սարգսյանի փոքր փեսայի մասնակցությամբ, կարծեմ Հայկ Խաչատրյան անունով, ինչպե՞ս են էդ նույն հիմնադրամից գնվել «Ազատ հայրենիք» կուսակցության որոշ ղեկավար անդամների բաժնեմասեր տարբեր ընկերությունների, որոնք անտրամաբանական են։ Արցախի ներդրումային հիմնադրամը մի հիմնադրամ է, որը ստեղծվել է պետության կողմից և ամեն տարի պետական բյուջեից ֆինանսավորում է ստանում միլիարդավոր դրամների հասնող, ապա կարող ենք վստահ պնդել, որ այդ գումարները էսօր էդ նույն անձինք, որոնք հանցավոր ճանապարհներով ստացել են էդ գումարները փորձում են վերածել քաղաքական կապիտալի։
Արայիկ Հարությունյանի գլխավորած «Ազատ Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը «պոպուլիստական» բնորոշեց Հայկ Խանումյանի խոսքերը։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջիկայում Արցախում սպասվում է ընտրական գործընթաց, որտեղ մասնակցելու է նաև պարոն Խանումյանի կուսակցությունը, նաև ինքը որպես նախագահի թեկնածու, այս համատեքստում լիովին բնական եմ համարում նրա կողմից այդ հայտարարությունները, որն իրականության հետ որևէ աղերս չունի։ Ընդհանրապես Հայկ Խանումյանը առաջին անգամ չէ, որ անպատասխանատու հայտարարություններ է անում ոչ միայն մամուլում, այլ նաև խորհրդարանի ամբիոնից և այդ ամենը փորձում է բացատրել, որ գրեթե հիմնավորված է, փաստաթղթավորված է, բայց երբևէ մենք չենք տեսել որևէ հիմնավորում իր հայտարարությունների տակ», - ասաց Պողոսյանը։