Լրատվամիջոցների թափանցիկության ապահովումը «հրատապ է»

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյան, արխիվ

Գալիք Ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ լրատվամիջոցների ներկայացուցիչների համար երեկ երեկոյան կազմակերպված ընդունելության ժամանակ հայտարարելով, որ 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում մամուլն ազատ է, քան երբևէ, ինչպես նաև դատապարտելով լրատվամիջոցների դեմ տեղ գտած հարձակումները և վստահություն հայտնելով, որ նման դեպքերն իրավապահները պատշաճ կերպով քննում են, վարչապետ Նիկոլ Փաշինյանը միաժամանակ կարևորեց լրատվամիջոցների գործունեության թափանցիկությունը։

«Երբ որ մենք խոսում, կարևորում ենք իշխանության թափանցիկության մասին, և այդ թափանցիկությունը ապահովող գործոնը, գործիքը զանգվածային լրատվամիջոցներն են, հարց՝ իսկ արդյո՞ք տրամաբանական չէ, որ հանրությունը նույն կերպ թափանցիկություն ակնկալի զանգվածային լրատվության միջոցներից։ Սա, կարծում եմ, նույնքան լեգիտիմ ակնկալիք է, ինչքան որ Կառավարության, իշխանության, բարձրաստիճան պաշտոնյաների թափանցիկության ակնկալիքը։ Եվ ես նաև այս հարցով հրավիրում եմ լրատվամիջոցներին համագործակցության և լուծումներ փնտրելու ու գտնելու», - ասաց պետության ղեկավարը։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն «Ազատության» հետ զրույցում հրատապ համարեց լրատվամիջոցների թափանցիկության ապահովումը, որպեսզի հանրությունը կարողանա հստակ պատկերացում կազմել, թե տվյալ լրատվամիջոցի թիկունքին ով է կանգնած։

«Շուտվանից ժամանակն է նաև օրենսդրական փոփոխություններ իրականացնել։ Բանն այն է, որ հետհեղափոխական շրջանում է՛լ ավելի սրվեց այն գործընթացը, որը որ մենք կոչում ենք լրատվամիջոցների բևեռացում, այսինքն՝ բաժանված լինելը լրատվամիջոցների՝ տարբեր ճամբարների, քաղաքական և տնտեսական, հանգեցրել է նրան, որ լրատվամիջոցների ճնշող մեծամասնությունը սպասարկում են իրենց տերերի կամ քաղաքական հովանավորների շահերը նախ և առաջ, իսկ հանրային շահը կա՛մ արհամարհվում է, կա՛մ հետին պլան է մղվում», - ընդգծեց Մելիքյանը։