Մատչելիության հղումներ

Վարչապետը բացառել է, որ ԶԼՄ-ների դեմ հարձակումներն իշխանության կողմից ուղղորդվեն


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր գալիք Ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին, հայտնում են վարչապետի աշխատակազմից:

Վարչապետը շնորհավորել է ԶԼՄ-ների ներկայացուցիչներին գալիք տոների առթիվ, մաղթել առողջություն, երջանկություն և հաջողություններ:

«2018 թվականին տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո մի քանի անգամ առիթ ունեցել եմ հայտարարելու, որ Հայաստանի Հանրապետությունում մամուլը հեղափոխությունից հետո ազատ է առավել, քան երբևէ: Իհարկե, դրանից հետո եղել են դեպքեր, երբ կասկածի տակ են դրվել այդ հայտարարությունը և պնդումը: Եվ դրանից հետո այսպիսի մի պրակտիկա է ներդրվել Վլադիմիր Կարապետյանի նախաձեռնությամբ. երբ մենք օտարերկրյա այցերից վերադառնում ենք, վերադարձի ճանապարհին անպայման հրավիրում ենք պատվիրակությանն ուղեկցող լրագրողներին, ես միշտ այդ խոսակցությունն սկսում եմ հարցով՝ ես հետաքրքրվում եմ, թե արդյոք լրագրողների և լրատվամիջոցների ազատությունը Հայաստանի Հանրապետությունում որևէ կերպ սահմանափակվո՞ւմ է: Ուրախ եմ արձանագրել, որ դեռևս իմ այն նախնական հայտարարությանը հակասող տեղեկատվություն չեմ ստացել», - ասել է նա՝ միաժամանակ արձանագրելով, որ իհարկե, կան որոշակի խնդիրներ:

«Շատ է բարձրացվում այն հարցը, որ սոցիալական ցանցերում, այսպես ասած, ատելության խոսքի զոհ են դառնում լրատվամիջոցները և լրագրողները, ինչը, իհարկե, լուրջ խնդիր է: Բայց ես ուզում եմ ասել, որ այս առումով կառավարությունը և անձամբ ես գտնվում ենք ճշգրիտ նույն իրավիճակում, ինչ լրատվամիջոցները: Եվ, իհարկե, համաձայն եմ և պատրաստ եմ և հրավիրում եմ, որ մենք համատեղ զբաղվենք այդ հարցով», - նկատել է նա:

Վարչապետն անդրադարձել է նաև լրատվամիջոցների դեմ տեղի ունեցող հարձակումներին կամ լրատվամիջոցների գործունեությունը խոչընդոտող դեպքերին. - «Ցավոք, նաև այդպիսի դեպքեր են արձանագրվել, ընթանում է հետաքննություն, քննություն, և ես համոզված եմ, որ բոլոր դեպքերը պատշաճ կքննվեն: Կարող եմ ընդամենը մի բան ասել՝ հնչում են կարծիքներ, որ գուցե թե այդպիսի հարձակումները կամ այդպիսի երևույթներն ուղղորդվում են, առավել ևս՝ կազմակերպվում իշխանությունների կողմից: Ես կարող եմ ասել, որ այդպիսի բան ուղղակի չի կարող լինել, և բացառվում է Հայաստանի Հանրապետությունում այդպիսի որևէ դրսևորում: Ուղղակի չի կարող լինել ի բնե, եկեք արձանագրենք: Ինչ վերաբերում է լրատվամիջոցների և կառավարության հարաբերություններին՝ անկեղծ ասած, լրատվամիջոցները բազմաթիվ պրոբլեմներ են ստեղծում կառավարության համար, բայց վերջնական արդյունքում, այդ թվում՝ թող ներվի ինձ ասել կեղծ լուրերի տեսքով, շատ գոհ եմ այդ պրոցեսից: Ինչո՞ւ, որովհետև երբեմն այդ լուրերը հնարավորություն են ստեղծում կառավարության ներկայացուցիչների, իշխանության ներկայացուցիչների համար՝ խոսել հարցերի մասին, որոնք սովորական պայմաններում նույնիսկ խոսելու պատեհություն չէր լինի»:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ իր բոլոր հայտնի և անհայտ թերություններով և բարդություններով հանդերձ շատ կարևոր է համարում այն գործունեությունը, որն այսօր Հայաստանի Հանրապետությունում իրականացնում են լրատվամիջոցները:

«Այդ քննադատությունները մեզ օգնում են, որ մենք լինենք առավել հղկված, առավել ճշգրիտ, առավել արդյունավետ: Այս մեկուկես տարվա արդյունքներով ես կարող եմ ասել, որ անձամբ ես էլ զգում եմ այդ դրական ազդեցությունը հենց կոնկրետ իմ գործունեության մեջ և ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ այդ գործունեության համար: Բայց նաև չեմ ուզում տպավորություն ստացվի, թե ես մտածում եմ, թե ամեն ինչ պետք է թողնել հենց այնպես, ինչպես կա, որովհետև երբ մենք կարևորում ենք իշխանության թափանցիկությունը, և այդ թափանցիկությունն ապահովող գործոնը, գործիքը զանգվածային լրատվամիջոցներն են, հարց՝ իսկ արդյոք տրամաբանակա՞ն չէ, որ հանրությունը նույնկերպ թափանցիկություն ակնկալի զանգվածային լրատվության միջոցներից:

Սա, կարծում եմ, նույնքան լեգիտիմ ակնկալիք է, որքան կառավարության, իշխանության, բարձրաստիճան պաշտոնյաների թափանցիկության ակնկալիքը: Ես նաև այս հարցով հրավիրում եմ լրատվամիջոցներին համագործակցության և լուծումներ փնտրելու ու գտնելու», - նկատել է նա, ապա պարտավորվել, որ 2020 թվականին Հայաստանի Հանրապետությունում լրատվամիջոցների գործունեության համար կլինեն շատ ավելի լավ պայմաններ, և 2020 թվականին Հայաստանի Հանրապետությունում լրատվամիջոցները կլինեն առավել ազատ, քան երբևէ և նույնիսկ քան 2019 և 2018 թվականներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG