Ադրբեջանցի նախկին քաղբանտարկյալը հայտարարում է ՏԻՄ ընտրություններում իր հաղթանակի մասին

Ադրբեջանցի նախկին քաղբանտարկյալ, բլոգեր Մեհման Հուսեյնով, մարտ, 2019թ.

Ադրբեջանում նախօրեին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում իր հաղթանակի մասին է հայտարարել նախկին քաղբանտարկյալ, բլոգեր Մեհման Հուսեյնովը: Այդ մասին ընդդիմադիր ակտիվիստը գրել է իր ֆեյսբուքյան էջում:

Հուսեյնովը 2017 թվականին ձերբակալվել և երկու տարվա ազատազրկման էր դատապարտվել: Բանտարկման ժամկետի ավարտից առաջ նրան նոր մեղադրանք էր առաջադրվել ՝ ոստիկանին ծեծելու հոդվածով: Միջազգային կառույցների ճնշման արդյունքում Ադրբեջանի իշխանությունները ի վերջո չեղարկել են նոր քրեական գործը և ազատ արձակել նրան:

Ադրբեջանում 1606 տեղական խորհուրդների ավելի քան 15 հազար պատգամավորական տեղերի համար առաջադրվել են 40 հազարից ավելի թեկնածուներ։ Առաջադրվածների մեծ մասը ներկայացնում են իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը, ինչպես նաև իշխանությունների վերահսկողության տակ գործող մյուս քաղաքական ուժերը:

Այս ընտրությունները Ադրբեջանում աննախադեպ են համարում, քանի որ առաջին անգամ առաջադրվել են տասնյակ ընդդիմադիր ակտիվիստներ: Սակայն քվեարկության մեկնարկից քիչ անց արդեն անկախ թեկնածուները և իրավապաշտպաններն ահազանգեցին խախտումների՝ «կարուսելի», լցոնումների, դիտորդներին տեղամասերից հեռացնելու մասին: