Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Արմեն Մելիքբեկյանը, 23-ը դեկտեմբերի, 2019թ., Երևան

Ավելի քան 5 ժամ տևած Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտահերթ նիստը քիչ առաջ ավարտվեց: Ֆուտբոլի ֆեդերացիան նոր ղեկավար ունի՝ Արմեն Մելիքբեկյանը, որը մինչ այժմ զբաղեցնում էր ՀՖՖ քարտուղարի պաշտոնը:

Նրա տեղակալն է Արմեն Նիկողոսյանը, որը կրկին ֆեդերացիայում պաշտոն էր զբաղեցնում մինչ այս: Հաստատվեց նաև գործադիր կոմիտեի նոր կազմը, սակայն ամեն ինչ այդքան էլ հանգիստ ընթացք չունեցավ: Նիստի ընթացքում վիճաբանություններ եղան, նիստի որոշ մասնակիցներ անգամ ձայները բարձրացրին: Վիճաբանություն եղավ ԱԺ փոխնախագահ, ֆեդերացիայի գործադիր կոմիտեի արդեն նախկին անդամ Ալեն Սիմոնյանի և նախագահի թեկնածուներից Թովմաս Գրիգորյանի միջև:

Նիստը վարողը նույնիսկ նշեց՝ եթե կրկին առանց ձայնի թույլտվության հայտարարություններ անեն, անվտանգության աշխատակիցներին կդիմեն:

Արդեն քվեարկությունից հետո, որի արդյունքում Արմեն Մելիքբեկյանը, ստանալով 13 ձայն, ընտրվեց ՀՖՖ նոր նախագահ, «Լոռի» ֆուտբոլային ակումբի ղեկավար, գործարար Թովմաս Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում չցանկացավ գնահատականներ տալ: Շաբաթներ շարունակ մամուլում շրջանառվում էին տեղեկություններ, որ Գրիգորյանը ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի նախընտրելի թեկնածուն է: Հայրապետյանը օրերս «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հաստատել էր, որ աջակցում է Թովմաս Գրիգորյանին:

Հարցին, թե այդ հայտարարությունները չվնասեցին իրեն, Գրիգորյանը պատասխանեց. - «Միանշանակ վնասեցին, անգամ ինձ 2 ՀԿ-ներ ասացին, որ այդ խոսքերից հետո այլևս ինձ չեն սատարում, ոչ թե գաղտնի, այլ տղամարդ եղան մարդիկ և ինձ անմիջական ասացին, որ չեն սատարելու»:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում մի քանի ժամ ընթանում էին ֆեդերացիայի նախագահի ու գործադիր կոմիտեի անդամների ընտրությունները:

Նիստի ավարտին գործադիր կոմիտեի նախկին անդամ, Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի մայրը՝ Մարինա Թաշչյանը խայտառակ որակեց ընտրությունների գործընթացը լրագրողների հետ զրույցում: «Սա պայմանավորված էր, արված էր, անելիք չկար այստեղ, բոլորս էլ գիտենք: Ես ընտրությունների ժամանակ արդեն հասկացա՝ ինչն ինչ է: Կարող է ոչ ֆուտբոլային մարդիկ չհասկանային, թե ինչ է կատարվում, բայց մարդիկ, որոնք երկար ժամանակ են, իսկ ես արդեն 40 տարի է, որ ֆուտբոլի մեջ եմ, ես հաշվում եմ նաև տարիները, որ ամուսնացած եմ եղել և հանդիպել եմ իմ վաղամեռիկ ամուսնու հետ՝ Համլետի հետ Մխիթարյան, և այսպիսի խայտառակ բան ես ֆոտբոլի մեջ դեռ չէի տեսել», - հայտարարեց նա:

Նախագահի պաշտոնի համար պայքարում էին 2 թեկնածուներ՝ ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը և Թովմաս Գրիգորյանը: Կար նաև երրորդ թեկնածուն՝ «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը, բայց նրա թեկնածությունը ներկայացրած «Անի» ֆուտբոլային ակումբը օրերս հայտարարեց, որ հանում է նրա թեկնածությունը և ընտրություններում աջակցելու է Արմեն Մելիքբեկյանին:

Մինչ այս քվեարկություններին անցնելը ֆեդերացիան կասեցրեց այն կազմակերպությունների մասնակցությունը ֆեդերացիային, որոնց ֆուտբոլային գործունեություն չծավալելու պատճառով ներկայացրել էին անդամակցության սառեցման:

Այդ կազմակերպությունների թիվը 11-ն էր, և նրանք սպասվող քվեարկություններին չեն մասնակցի:

Հիշեցնենք, որ նոյեմբերին Արթուր Վանեցյանը հրաժարվեց նախագահի պաշտոնից: Այս իրավիճակը ստեղծվեց Պալերմոյում կայացած Իտալիա - Հայաստան հանդիպումից հետո, որն ավարտվեց իտալացիների խոշոր հաղթանակով՝ 9:1: Ֆուտբոլային հանրությունը «խայտառակ» որակեց այդ պարտությունը: