Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Արմեն Մելիքբեկյանը, 23-ը դեկտեմբերի, 2019թ., Երևան

Քիչ առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում մի քանի ժամ ընթանում էին ֆեդերացիայի նախագահի ու գործադիր կոմիտեի անդամների ընտրությունները:

Նախագահի պաշտոնի համար պայքարում էին 2 թեկնածուներ՝ ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը և «Լոռի» ֆուտբոլային ակումբի ղեկավար, գործարար Թովմաս Գրիգորյանը: Կար նաև երրորդ թեկնածուն՝ «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը, բայց նրա թեկնածությունը ներկայացրած «Անի» ֆուտբոլային ակումբը օրերս հայտարարեց, որ հանում է նրա թեկնածությունը և ընտրություններում աջակցելու է Արմեն Մելիքբեկյանին:

Մինչ այս քվեարկություններին անցնելը ֆեդերացիան կասեցրեց այն կազմակերպությունների մասնակցությունը ֆեդերացիային, որոնց ֆուտբոլային գործունեություն չծավալելու պատճառով ներկայացրել էին անդամակցության սառեցման:

Այդ կազմակերպությունների թիվը 11-ն էր, և նրանք սպասվող քվեարկություններին չեն մասնակցի:

Հիշեցնենք, որ նոյեմբերին Արթուր Վանեցյանը հրաժարվեց նախագահի պաշտոնից: Այս իրավիճակը ստեղծվեց Պալերմոյում կայացած Իտալիա - Հայաստան հանդիպումից հետո, որն ավարտվեց իտալացիների խոշոր հաղթանակով՝ 9:1: Ֆուտբոլային հանրությունը «խայտառակ» որակեց այդ պարտությունը: