Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանն այսօր ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ Չեխիայից Հայաստան տեղափոխվեց։
Ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանն այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ այժմ Նարեկ Սարգսյանը գտնվում է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում։ «Նախաքննության շրջանակներում ձեզ կտեղեկացնենք: Միայն կարող եմ ասել, որ արդեն տեղափոխվել է Հայաստան և քրեակատարողական հիմնարկում է էս պահին», - նշեց Արման Սարգսյանը:
Նարեկ Սարգսյանի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել դեռևս դեռ մեկ տարի առաջ։ Անցած տարի դեկտեմբերի 6-ին նա «Ինտերպոլ»-ի աջակցությամբ հայտնաբերվեց Պրահայում ու ձերբակալվեց: Ըստ Ոստիկանության պաշտոնական հաղորդագրության, Սարգսյանը ներկայացել էր Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագրով՝ Ֆրանկլին Գոնսալեսի անձնական տվյալներով։ Ձերբակալվելուց ուղիղ մեկ տարի անց, Չեխիան բավարարել է պաշտոնաթող նախագահի եղբորորդուն Հայաստանին հանձնելու միջնորդությունը։
Նախորդ տարվա հունիսի 26-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով:
Նարեկ Սարգսյանից բացի, անցած տարի հուլիսին հետախուզում էր հայտարարվել նաև նրա թիկնապահի նկատմամբ, այն բանից հետո, երբ իրավապահները վերջինիս պատկանող բնակարանից տեղափոխման պահին հայտնաբերել էին երկու ճամպրուկ թմրամիջոց և զենքեր: Թիկնապահն օրեր անց ինքնակամ ներկայացել էր իրավապահներին:
Բացի այդ, Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հաղորդում էր ստացել այն մասին, որ դեռևս 2013 թվականին Նարեկ Սարգսյանը, չարաշահելով նկարիչ Մարտիրոս Սարյանի ժառանգներից մեկի վստահությունը, նրանից վերցրել է նկարչի 14 գծանկարները, իսկ հետո, անտեսելով տուժողի բազմաթիվ պահանջները, հրաժարվել է վերադարձնել դրանք։ ԱԱԾ աշխատակիցները 2018 թվականի հուլիսի 4-ին խուզարկություն են կատարել Նարեկ Սարգսյանի հաշվառման վայրում, որտեղից հայտնաբերել են նկարները, ինչպես նաև 115 հազար դոլար, 27 հազար եվրո, թանկարժեք ժամացույցներ, բազմաթիվ ոսկյա մետաղադրամներ և զարդեր, որոնց ձեռքբերման հանգամանքների օրինականությունը ստուգվելու է քրեական գործի վարույթի շրջանակում: