Ռուբեն Հայրապետյանին փաստացի պատկանող կահույքի ֆաբրիկայի տնօրենը և ՀՖՖ տեխնիկական հսկիչը կձերբակալվեն

ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը իր առանձնատան դիմաց, Երևան, 13-ը դեկտեմբերի, 2019թ․

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին փաստացի պատկանող «Զեյթունի կահույքի ֆաբրիկա» ընկերության տնօրենին և ֆեդերացիայի տեխնիկական հսկիչին ձերբակալելու որոշումներ են կայացվել, այսօր հաղորդում է Քննչական կոմիտեն:

«Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ԻԱՄ-ի պատվերով ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին փաստացի պատկանող «Զեյթունի կահույքի ֆաբրիկա» ԲԲ ընկերության կողմից մարզադաշտերի կառուցման ընթացքում թույլ տրված չարաշահումներ դեպքերի առթիվ քննվող քրեական գործի նախաքննության շրջանակներում ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, 2012-2018թթ. ընթացքում «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ԻԱՄ-ի հետ համագործակցության ընթացքում կնքված կապալի պայմանագրերի շրջանակներում Սիսիան, Սևան, Վանաձոր, Արմավիր, Վաղարշապատ, Գյումրի և Ներքին Կարմիր Աղբյուր համայնքների վարչական տարածքներում ֆուտբոլի մարզադաշտերի ու մարզադպրոցների կառուցման և վերանորոգման աշխատանքներն իրականացրած կապալառու «Զեյթունի կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ տնօրենի և «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ԻԱՄ-ի կողմից այդ աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացրած աշխատակցի կողմից՝ պատվիրատու «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ԻԱՄ-ից միասնական դիտավորությամբ, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու վերաբերյալ», - ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:

Նկատի ունենալով, որ քրեական գործով ձեռք են բերվել ապացույցներ «Զեյթունի կահույքի ֆաբրիկա» ընկերության տնօրենին և ՀՖՖ տեխնիկական հսկիչին կասկածելու Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով), և 325-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) նախատեսված հանցավոր արարքներ կատարման մեջ, որոշումներ են կայացվել նրանց ձերբակալելու վերաբերյալ, որոնց կատարումը հանձնարարվել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (ԿՀԴՊ ԳՎ) աշխատակիցներին:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում գործի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, կատարված չարաշահումների ամբողջական հանգամանքները և չարաշահումների ծավալները պարզելու, մեղավոր անձանց ի հայտ բերելու և քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, հաղորդում է Քննչական կոմիտեն:

Մեկ շաբաթ առաջ, հիշեցնենք, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում խոշոր չափերով յուրացման գործի շրջանակում խուզարկություն էր իրականացվել Ռուբեն Հայրապետյանի տանը: Գործը հարուցվել է 4 հոդվածներով՝ բացի խոշոր չափերով յուրացումից, նաև մի խումբ անձանց կողմից փաստաթղթեր կեղծելու, կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորություններ չարաշահելու, պաշտոնեական անփութության հատկանիշներով: ՀՖՖ նախկին նախագահն այս պահին քրեական գործով որևէ կարգավիճակ չունի: