Թրամփը պահանջում է իր իմփիչմենթի հարցով անհապաղ դատական գործընթաց Սենատում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ է ունենում Միչիգանում իր համակիրների հետ հանդիպմանը, 18-ը դեկտեմբերի, 2019թ․

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պահանջում է իր իմփիչմենթի հարցով Սենատում անհապաղ դատական գործընթաց սկսել: «Ես ցանկանում եմ անհապաղ գործընթաց», - Թվիթերում գրել է Սպիտակ տան ղեկավարը:

Նախագահի իմփիչմենթի գործը Ներկայացուցիչների պալատից ակնհայտորեն չեն շտապում Սենատ ուղարկել, որտեղ, ի տարբերություն Կոնգրեսի ստորին պալատի, մեծամասնություն են կազմում Թրամփի կուսակիցները:

Ներկայացուցիչների պալատի առաջնորդների հապաղելու պատճառը, ինչպես հայտարարում են, Սենատում իմփիչմենթի գործի հետագա ճակատագրի հարցով ընթացակարգի անորոշությունն է:

Չորեքշաբթի օրը Ներկայացուցիչների տունը իմփիչմենթ հայտնեց նախագահին` իշխանությունը չարաշահելու և Կոնգրեսի աշխատանքը խոչընդոտելու համար: Այս մեղադրանքների հիմքում Միացյալ Նահանգների նախագահի ու Ուկրաինայի նորընտիր առաջնորդի աղմկահարույց հեռախոսազրույցն է: Ընդդիմախոսները պնդում են` Թրամփն այդ զրույցի ընթացքում փորձել է ճնշում գործադրել Զելենսկու վրա` պահանջելով քրեական հետապնդում սկսել առաջիկա նախագահական ընտրություններում իր հավանական մրցակից, նախկին փոխնախագահ Ջո Բայդենի և նրա որդու դեմ:

Միացյալ Նահանգների նախագահին պաշտոնանկ անելու համար անհրաժեշտ են սենատորների ընդհանուր թվի երկու երրորդի ձայները: Դեմոկրատներն օրենսդիր մարմնի վերին պալատում ունեն ընդամենը 47 ներկայացուցիչ 100-ից, և նույնիսկ իմփիչմենթի ամենամոլի կողմնակիցները կասկածում են, թե հանրապետական սենատորների շրջանում 20 հոգի կգտնվի, ովքեր կաջակցեն իրենց:

Այդուհանդերձ, ընդդիմադիր դեմոկրատները պահանջում են Սենատում լիարժեք դատական գործընթաց՝ բաց լսումներ, վկաներ, փաստաթղթեր: Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի խոսքով՝ միայն այդկերպ հնարավորություն կտրվի ամերիկացի ընտրողներին «ստանալ ողջ անհրաժեշտ տեղեկատվությունը նախագահի գործած հանցանքների մասին»:

Հակառակ ճամբարում, մինչդեռ, միանգամայն այլ կերպ են պատկերացնում գործընթացը: Հանրապետական սենատորների առաջնորդը նախ դատապարտել է իմփիչմենթի հարցով Ներկայացուցիչների տանը տեղի ունեցած քվեարկությունը՝ արդյունքները որակելով անարդար և թունավոր նախադեպ: Միթչ ՄըքՔոնելը, ով չի թաքցնում՝ հանելու են Թրամփին վերագրվող մեղադրանքները և արդարացնելու են նախագահին, հայտարարել է, թե դեմոկրատները վախենում են «այդ անորակ աշխատանքի արդյունքներն ուղարկել Սենատ»:

Ամերիկյան օրենսդրության համաձայն՝ Սենատն իրավունք ունի դատական լսումներ սկսել, երբ Կոնգրեսի կողմից հաստատված մեղադրանքի հոդվածները կփոխանցվեն հատուկ լիազորներին՝ այսպես կոչված իմփիչմենթի մենեջերներին, որոնց պետք է ընտրի Ներկայացուցիչների պալատը: Նրանք նաև պետք է այդ լսումների ընթացքում ստանձնեն մեղադրողի ներկայացուցիչների դերը: Այդ նշանակումները մինչ օրս չեն արվել, իսկ մի քանի օրից արդեն՝ շաբաթավերջին, Կոնգրեսը գնում է Սուրբ Ծննդյան արձակուրդի: Դա նշանակում է, որ Թրամփի իմփիչմենթի հարցով լսումները անհապաղ չեն կայանա, ինչպես Սպիտակ տան ղեկավարն է պահանջել, այլ կհետաձգվեն առնվազն մինչև հունվարի վերջ: