Հայ և ադրբեջանցի գերիների փոխանակման հարցը «գտնվում է բանակցությունների օրակարգում»

Ադրբեջանն ու Հայաստանը շարունակում են գերիների փոխանակման հարցի շուրջ քննարկումները, այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան:

Այդ հարցը «մշտապես գտնվում է բանակցությունների օրակարգում» և այն առանձին քննարկվել է նաև ապրիլին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների մոսկովյան հանդիպման ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, ասել է Զախարովան:

Նրա խոսքերով, այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են և պայմանավորվածության դեպքում միջնորդները կաջակցեն մնացած գերիների փոխանակումը: Հայկական կողմն ավելի վաղ մի քանի անգամ մերժել է Բաքվի՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակելու այդ առաջարկը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամիսներ առաջ պնդել էր՝ «փոխանակում չի կարող տեղի ունենալ, եթե ադրբեջանական կողմից ներխուժած անձինք սպանություններ են իրականացրել»:

Շահբազ Գուլիևը և Դիլհամ Ասկերովը ձերբակալվել են 2014 թվականին Լեռնային Ղարաբաղի տարածքում: Ղարաբաղի դատարանը Ասկերովին ցմահ ազատազրկման է դատապարտել, իսկ Գուլիևին՝ 22 տարվա ազատազրկման, մի շարք ծանր հանցանքների, այդ թվում՝ սպանության համար: Հայկական կողմի գերիներից Կարեն Ղազարյանը Ադրբեջանի տարածքում էր հայտնվել անցած տարվա ամռանը և ամիսներ անց դատապարտվել 20 տարվա ազատազրկման: Բաքուն պնդում է, թե նա դիվերսանտ է, հարազատների խոսքով, մինչդեռ, նա առողջական խնդիրներ ունի և դեռևս 2013 թվականից հաշվառված է համապատասխան բուժհաստատությունում։

19-ամյա զինծառայող Արայիկ Ղազարյանը Ադրբեջանի տարածքում էր հայտնվել անցած օգոսոտոսին, տեղական լրատվամիջոցները պնդել էին, թե նա լքել է զորամասը՝ «անմարդկային վերաբերմունքի» պատճառով: Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, մինչդեռ, կարծիք էր հայտնել, թե նա մոլորվել է այդ տեղանքում: