ԱՄՆ Սենատում դեմոկրատների փոքրամասնության լիդեր Չաք Շումերը հանրապետական պաշտոնակից Միչ ՄըքՔոնելին հասցեագրված նամակում գրել է, թե առնվազն 4 վկա, նրանց թվում՝ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Միք Մալվանին և ազգային անվտանգության հարցերով նախագահի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը, նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի հետաքննության շրջանակներում պետք է հարցաքննվեն:
Նամակում ասվում է, որ օրենսդիրների հարցերին պարտավոր են պատասխանել նաև Մալվանիի խոհրրդական Ռոբերտ Բլերը և նախագահի գործադիր գրասենյակի մաս կազմող կառավարման և բյուջեի բաժնի փոխտնօրեն Մայքլ Դաֆին:
«Նախագահն ուղղակիորեն ներգրավված է այս հարցում, ակնհայտ է, թե ինչ է պատահել: Կարծում եմ՝ սա շատ վատ է, նույնիսկ ավելի վատ մնացած հանգամանքների համեմատությամբ»,- ասել է Շումերը:
Դեմոկրատների համոզմամբ՝ Թրամփն այս տարվա հուլիսի 25-ին հեռախոսով զրուցելով ուկրաինացի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու հետ՝ ճնշում է գործադրել և փորձել է կորզել հաջորդ տարվա ընտրություններում դեմոկրատ հավանական մրցակից, նախկին փոխնախագահ Ջո Բայդենին և նրա որդուն՝ Հանթերին վարկաբեկող տեղեկություններ:
«Իմ հանրապետական գործընկերներից յուրաքանչյուրը թող մտածի՝ այս հեռախոսազանգով նախագահն ազգային շա՞հն է հետապնդել, թե՞ իր անձնական քաղաքական նպատակը, յուրաքանչյուր հանրապետական, նրանցից ամեն մեկը պարտավոր է պատասխանել այս հարցին», - ասել է Սենատում դեմոկրատների փոքրամասնության ղեկավար Չաք Շումերը:
Ինքը՝ Թրամփը կտրականապես հերքում է մեղադրանքը և իմփիչմենթի նախաձեռնությունը «վհուկաորս» է անվանում:
Սենատում դեմոկրատների փոքրամասնության ղեկավարի համոզմամբ՝ այդ քառյակը պետք է վկայություններ տա հունվարին սպասվելիք նախագահ Թրամփի դատավարության ընթացքում:
Ամերիկյան օրենքների համաձայն՝ եթե նախագահը Ներկայացուցիչների տան կողմից իմփիչմենթի ենթարկվի, դատավորների լիազորությունները կստանձնեն Կոնգրեսի մյուս պալատի՝ Սենատի անդամները, ովքեր պետք է վճիռ կայացնեն:
Ենթադրվում է, որ Ներկայացուցիչների տունն արդեն այս շաբաթվա ընթացքում լիագումար նիստում իմփիչմենթի կենթարկի Թրամփին, իսկ Սենատում դատավարությունը տեղի կունենա հունվարի 7-ին՝ ԱՄՆ Գերագույն դատարանի ղեկավար Ջոն Ռոբերթսի նախագահությամբ:
Վերլուծաբանները բացառում են Դոնալդ Թրամփի պաշտոնանկությունը, քանի որ Սենատում նախագահի կուսակիցները մեծամասնություն ունեն:
Եվ այնուամենայնիվ, Թրամփը, ամենայն հավանականությամբ, կդառնա Միացյալ Նահանգների պատմության ընթացքում իմփիչմենթի ենթարկվող թվով երրորդ նախագահը:
1868-ին այդ որոշումն է կայացվել նախագահ Էնդրյու Ջոնսոնի, իսկ 1998-ին՝ Բիլ Քլինթոնի նկատմամբ: