Մարտի 1-ի գործով մեղադրյալ Վահագն Հարությունյանի մեղադրանքը լրացվել է, թեև նրան մեղսագրվող քրեական հոդվածները չեն փոխվել: Տեղեկությունը «Ազատությանը» փոխանցեցին գործը քննող Հատուկ քննչական ծառայությունից (ՀՔԾ), լրացված մեղադրանքի բովանդակությունը չհայտնեցին:
ՀՔԾ-ն արդեն երրորդ անգամ Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավարին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել։ Արդեն մի քանի օր է դատարանում ընթանում է այս միջնորդության քննությունը։ Մարտի 1-ի գործը տարիներ շարունակ քննած նախկին պաշտոնյային կալանավորելու նախորդ երկու միջնորդությունները մերժվել էին:
Հարությունյանը մեղադրվում է 2008-ի հետընտրական արյունալի իրադարձությունների գործով ապացույցներ կեղծելու, անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունների չարաշահման և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու համար։ Նրա նկատմամբ մեկ տարուց ավելի է հետախուզում է հայտարարված: Ռուսաստանում գտնվող Հարությունյանը մեղադրանքը չի ընդունում, հետախուզումն էլ անօրինական է համարում։ Նրա փաստաբան Միհրան Պողոսյանը պնդում է՝ Վահագն Հարությունյանի նկատմամբ անձնական հետապնդում է իրականացվում:
«Մեղադրանքը խմբագրել են, որ ոչ թե շուրջ 1100 պարկուճ է փոխել, այլ, օրինակ, 1010 պարկուճ է փոփոխել։ Ու այս տրամաբանությամբ իրենք կարծում են, որ դա նոր մեղադրանք է, նոր էական հանգամանք է և կրկին միջնորդություն են ներկայացրել կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու հետ կապված։ Նույն հաջողությամբ Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանքի որոշման մեջ ինչ-որ հատվածներ շեղատառերով է սկսել գրվել, մեր գնահատմամբ դա ևս հանդիսանում է նոր հանգամանք, որովհետև վերագրվող առարկաների ոչ ժամանակագրական փոփոխություններ են տեղի ունեցել, ոչ էլ այլ փաստական հանգամանքներ են տեղի ունեցել։ Ամենակարևորը՝ պետք է նշել, որ քննիչը ուղղակի խմբագրական փոփոխություններ իրականացնելով իրավասու չէ կրկին դիմելու կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու հետ կապված։ Քննիչը պետք է ապացուցի, որ էդ փաստական հանգամանքները հայտնի են դարձել կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելը մերժելուց հետո, մինչդեռ այս պարագայում այդպիսի նոր երևան եկած, այսպես ասած, հանգամանքներ քննիչը չի մատնանշել», - ասաց Պողոսյանը։
Փաստաբանը պնդում է՝ վարույթն իրականացնող մարմինը կալանավորման հերթական միջնորդությունում բավարար հիմքեր չի ներկայացրել․ «Էդ հիմքերը միմիայն նոր մեղադրանք չպետք է լինի, այլ էդ նոր մեղադրանքի հիմք հանդիսացած փաստական տվյալները պետք է նոր ի հայտ գան։ Այս պարագայում էդ տվյալները դեռևս փետրվար ամսից առկա են եղել և Վահագն Հարությունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը քննվել է հունիս ամսին։ Այսինքն՝ քննիչը հունիս ամսին իր տրամադրության տակ ունեցել է փաստական տվյալներ, ենթադրյալ էդ 1000-ը 1010 պարկուճ կամ 990 պարկուճ դառնալու հետ կապված, բայց դատարանին չի ներկայացրել, այս գործողությունները մեզ թույլ են տալիս եզրահանգել, որ Հատուկ քննչական ծառայությունում այս մասով ոչ թե գործի քննություն է իրականացվում, այլ կոնկրետ նպատակը մեկն է՝ Վահագն Հարությունյանին տեսնել կալանքի որոշման առկայության պայմաններում»։
Միհրան Պողոսյանը նաև փոխանցեց՝ Վահագն Հարությունյանը պատրաստ էր Ռուսաստանում բուժումը կիսատ թողնել և վերադառնալ Հայաստան՝ վարույթն իրականացնող մարմնի հարցերին պատասխանելու, սակայն չի եկել, քանի որ չի դադարեցվել նրա նկատմամբ հետախուզումը: ՀՔԾ-ն օրերս մերժել էր Հարությունյանի նկատմամբ հետախուզումը դադարեցնելու փաստաբանի դիմումը:
«Այժմ Վահագն Հարությունյանը զբաղված է իր առողջական խնդիրների բուժմամբ։ Ամեն դեպքում, վերջինս հայտնում է, որ պարտադիր, ամեն պարագայում, վերադառնալու է Հայաստանի Հանրապետություն՝ իր առողջական ու անձնական խնդիրները կարգավորելուց հետո», - նշեց Պողոսյանը։
Ի դեպ, բուժումը, որի մասին խոսում են և՛ փաստաբանը, և՛ Վահագն Հարությունյանը, արդեն մեկուկես տարի է տևում: Անցած տարվա հուլիսին արդարադատության գեներալ-մայորը ազատվել էր Հայաստանի քննչական կոմիտեի նախագահի տեղակալի և հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի պաշտոնից՝ «իր դիմումի համաձայն»։ Աշխատանքից ազատվելուց հետո էլ մեկնել էր Ռուսաստան: