Անդրանիկ Քոչարյանը «կեղծիք» է որակել Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունը

Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյան, 13-ը դեկտեմբերի, 2019-թ.

Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, հանրապետական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը երեկ երեկոյան «168.am»-ին տված հարցազրույցում հայտնեց, որ իր առանձնատանը երեկ ավելի քան 5 ժամ տևած խուզարկությունը կապված էր իր պաշտոնավարման շրջանում ֆեդերացիայի կատարած շինարարական գործունեության հետ։

Ֆեդերացիան 16 տարի ղեկավարած Հայրապետյանը հայտարարեց, թե իրավապահները փնտրում էին այդ շինաշխատանքներին վերաբերող փաստաթղթեր։ Ասաց՝ իրավապահները դեռևս մեկ ամիս առաջ են սկսել գործողությունները։

«Վեցերորդ վարչությունը չունի այդ հնարավորությունը, որ շինարարական այդպիսի ծավալներ կարողանա այդքան կարճ ժամանակահատվածում ստուգել. ոչ միայն ստուգել, այլ նաև ինչ-որ յուրացման թիվ հայտնաբերել, այդ հայտնաբերումից հետո միանգամից դատավորի կարգավիճակ ընդունեն և հայտարարեն, որ ես հափշտակել եմ: Միգուցե բանից պարզվի, որ իրականում այդպիսի թիվ չկա, իրականում հափշտակություն իմ կողմից երբեք էլ չի եղել: Ես չեմ բացառում, որ կարող է սխալներ եղած լինեն, բայց այն թվերը, որոնք իրենք հայտարարում են, ուղղակի ծիծաղելի է», - ասաց Հայրապետյանը

Հարցին, թե ի՞նչ թվերի մասին է խոսքը Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահը պատասխանեց. «600-700, չգիտեմ»»

Ոստիկանությունից «Ազատությանը» փոխանցել էին, որ կա հարուցված քրեական գործ, որի շրջանակներում էլ իրավապահները գործողություններ են իրականացնում։ Թե ինչ քրեական գործի մասին է խոսքը, մինչ այս պահը ոստիկանությունը չի մանրամասնում։

Մամուլը այս օրերին գրել է, որ 2012-2018 թվականներին Հայրապետյանը, զբաղեցնելով Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը, կազմակերպել է ֆուտբոլի մարզադաշտերի ու մարզադպրոցների կառուցման և վերանորոգման աշխատանքներ, այդ ընթացքում չկատարելով կամ մասնակի կատարելով պայմանագրերով նախատեսված պարտականությունները՝ յուրացրել է առանձնապես խոշոր չափերի գումար: Ըստ այդ լուրերի, Հայրապետյանն այդ ընթացքում շինարարության համար միլիոնավոր դոլարների պայմանագրեր է կնքել հենց իր ընկերությունների հետ:

«Ազատության» տեղեկություններով՝ երեկ խուզարկություններ են իրականացվել նաև Հայրապետյանին պատկանող այլ հաստատություններում, այդ թվում նաև «Հարսնաքար» ռեստորանային համալիրում: Հենց այս համալիրում էր 2012-ին դաժան ծեծի հետևանքով սպանվել ռազմական բժիշկ Վահե Ավետյանը: Այն ժամանակ մեղադրյալի աթոռին նստեցին Հայրապետյանի թիկնապահները, իսկ ինքը հանրային ճնշման տակ վայր դրեց պատգամավորական մանդատը:

Աղմկոտ պաշտոնավարմամբ աչքի ընկած Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահը երեկվա հարցազրույցում նաև պնդեց, թե իր նախկին ընկեր Անդրանիկ Քոչարյանը տասն օր առաջ իր ընկերներից մեկի միջոցով հորդորել է, որ փախչի Հայաստանից, քանի որ «Նիկոլը հրաման է տվել, որ իրեն բռնեն»։

Իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ֆեյսբուքյան գրառմամբ է անդրադարձել Հայրապետյանի այս հայտարարությանը. «Դուք ձեր շրջապատն ու ընկերներին ընտրել եք դեռևս 2008-ի մարտի 1-ից հետո և շարունակաբար հանդես եք եկել այդ շրջապատի շահերի սպասարկուի դերակատարմամբ: Այս դեպքը ևս բացառություն չէ. հերթական անգամ «սիրելի ընկերներին» հաճոյանալով` փորձում եք ձեզ անվերապահորեն ծառայություններ մատուցող լրատվականներով տարածել դատարկ կեղծիքներ», - գրել է պատգամավորը՝ շարունակելով, - «նախաքննության ընթացքում դեռ առիթ կունենաք ասելու, թե ով է այդ «ընդհանուր ընկերը», որ ձեզ նման բան է «փոխանցել», դա էլ այն դեպքում, երբ չխախտելով գործի ընթացակարգը, ձեզ ինչ-որ բանում նախազգուշացնել կարող է միայն գործի վարույթը իրականացնող մարմինը»։

Հայրապետյանը նաև ակնարկեց, որ իրեն և Սերժ Սարգսյանին վերագրվում է Քրեական օրենսգրքի նույն հոդվածը։ Նախկին նախագահը, հիշեցնենք, մեղադրվում է պետական բյուջեից առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակությունը կազմակերպելու համար։

«38 հոդված հա՛մ կիրառել են Սերժ Սարգսյանին, հա՛մ ինձ։ Բացառվում է՝ ես գումար չեմ մուծելու։ Թող ապացուցեն, որ իրականում, ես չեմ ուզում այդ բառը նույնիսկ օգտագործել, իմ անգործության հետևանքով ֆեդերացիան վնաս է կրել, ես պատրաստ եմ վերականգնել, առանց ապացուցելու՝ ես երբեք գումար..., թող տանեն 10 տարի էլ բռնեն», - ասաց Հայրապետյանը։

Ի դեպ, հարցազրույցում Հայրապետյանը սուտ որակեց գործարար Խաչատուր Սուքիասյանի այն հայտարարությունը, թե «Բջնի» գործարանը իրենից 2008-ից հետո խլել են։ Հայրապետյանը տեղեկացրեց, որ «նրանք բողոք են գրել ՀՔԾ, թե ինքը շահութահարկ ու բնապահպանության հարկ չի վճարել, որից հետո էլ քրեական գործ է հարուցվել և արդեն մեկ ամսից ավելի է՝ «Բջնի»-ում ստուգումներ են»։ Հայրապետյանը նաև պնդեց, թե 1996-ից մինչև 2000 թվականը այդ գործարանը հարկ չի վճարել, ցույց տալով ինչ-որ փաստաթղթեր։

Խաչատուր Սուքիասյանն այսօր արդեն ֆեյսբուքյան իր էջում կոշտ արձագանքել է Հայրապետյանին՝ նրա պնդումներն էժանագին սուտ որակելով. «Ինչ վերաբերվում է «Բջնի» գործարանի մասին արված հայտարարություններին, պետք է ասեմ, որ դրանով արդեն զբաղվում են մեր փաստաբանները և հաշվապահները: Մեր փաստաբանների և հաշվապահների թիմը մոտ ժամանակներս կներկայացնի գործարանի մասին բոլոր տեղեկությունները: Ինչ ծավալի արտադրանք է եղել, որքան է արտահանվել, որքան հարկեր են վճարվել և այլն: Այն ինչ ներկայացվել է երեկ, սուտ է և չի համապատասխանում իրականությանը: Սուտ է նաև այն, որ ինձ հետ բանակցություններ են տարվել, որպեսզի գործարանը հետ վերադարձնեն: Ես չեմ կարող բանակցել մի ասպարեզում, որը դուրս է իրավական հարթությունից»։