Վրաստանի ոստիկանությունն այսօր 12 մարդու բերման է ենթարկել, այդ թվում` ընդդիմադիր «Նոր Վրաստան» կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձեին: Նրանք փորձում էին շրջափակել խորհրդարանի շենքի մուտքը:
Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ ցուցարարները բերման են ենթարկվել խուլիգանության և ոստիկանների հրահանգներին չենթարկվելու համար:
Տասնյակ ցուցարարներ այսօր փորձում էին արգելափակել խորհրդարանի շենքի մուտքերը, որտեղ քննարկվում է Գերագույն դատարանի 19 անդամներին հաստատելու հարցը: Ցուցարարները պնդում են, որ թեկնածուներն իշխանությունների կողմից վերահսկվող դատավորներ են:
Ավելի քան մեկ ամիս Վրաստանում բողոքի ակցիաներ են, որ սկսվել են իշխանությունների կողմից Ընտրական օրենսգիրքը բարեփոխելու խոստումը չկատարելու հետևանքով:
ԱՄՆ-ը և Եվրամիությունը կառավարությանը, քաղաքական ուժերին և քաղաքացիական ակտիվիստներին զսպվածության և երկխոսության կոչ են արել: