Երկրաշարժից տուժած Վահագնիի 6 ընտանիքի անհիմն զրկել են բնակարանի իրավունքից. հարուցվել է քրգործ

Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել Լոռու մարզի Վահագնիի գյուղապետարանում պաշտոնեական կեղծիք կատարելու և Կադաստրի պետական կոմիտեում պաշտոնեական անփութություն թույլ տալու փաստերով։

Ըստ քրեական գործի, 2010-2012 թվականներին Վահագնիի գյուղապետարանում կեղծ փաստաթղթեր են կազմել 88-ի երկրաշարժից անօթևան դարձած 6 ընտանիքի մասին, իբրև թե քարե բնակելի տներ ունեն և այդ ընտանիքներին անհիմն զրկել են բնակարանային ապահովման պետական ծրագրերից օգտվելու իրավունքից։

Մեկ ամիս առաջ «Ազատության» եթերում Վահագնիի բնակիչները փաստել էին, որ տարիներ առաջ Կադաստրի պետական կոմիտեում իրենց ժամանակավոր տնակները գրանցել են որպես քարե բնակելի տուն, սեփականության վկայականներ տվել, որի հետևանքով հանվել են աղետի հետևանքով տուն կորցրածների հերթացուցակներից։

«Ինչ ասել են, արել ենք, որտեղ ուղարկել են, գնացել ենք, հետո պարզվեց, որ մենք ապրում ենք բնակելի տանը, ոչ թե ինքնաշեն տնակում», - պատմեց բնակիչներից մեկը:

Տեսանյութում հնչած հայտարարությունների հիմքով Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դատախազություն հաղորդում էր ներկայացրել, որի վերաբերյալ նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ։ Իրավապահները շեշտել են, որ Վահագնիի գյուղապետարանի պաշտոնատար անձինք, տեղյակ լինելով իրենց գյուղի 6 ընտանիքների քարե բնակելի տուն չունենալու փաստի մասին, կազմել և հաստատել են կեղծ պաշտոնական փաստաթղթեր։

Քրեական գործում Կադաստրի պետական կոմիտեի Լոռու մարզի պատասխանատուներին էլ անփույթ են համարել, որ բարեխղճորեն չեն կատարել իրենց ծառայողական պարտականություններն ու չեն պարզել այս ընտանիքների բնակության իրական պայմանները. 4 շարժական փայտե տնակները, 1 կիսակառույցը և երկրաշարժից 1 վթարված ու բնակության համար ոչ պիտանի շինությունը Կադաստրում գրանցել են որպես հիմնովին վերականգնված կամ կառուցված քարե տուն և սեփականության վկայականներ հանձնել։

«Էնտեղ ասեցին՝ պետք ա տուն սարքենք, սեփականաշնորհեք, գնացեք Կադաստր, սեփականաշնորհման գիրք հանեցեք, որ տունը սարքենք, սեփականաշնորհման գիրքը հանեցինք, մեկ էլ տենանք, որ մեջը գրել են սա սեփականություն: Հետո մենք Կադաստրին դիմեցինք, ոչ մի տեղ մեր բողոքը չընդունվեց», - ասաց բնակիչներից մեկը:

Մյուսն էլ դժգոհեց. - «Տարեն տարու վրա մեզ գցին ծախսերի տակ, եկավ 2015 թվին ինձ կանչին, թե ձեր տունը գրած ա բնակելի, դուք ի՞նչ տուն եք ուզում մեզանից»:

Այսօր, պաշտոնական տվյալներով, Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերում ընդամենը 453 աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիք կա։ Այս տարի նրանց կեսը կառավարությունից արդեն բնակարանների գնման վկայագրեր է ստացել։ Մյուս կեսի համար այս տարի նախատեսվում է բնակարաններ կառուցել։ Մինչդեռ Լոռու մարզում ուսումնասիրություն կատարած «Ուղղակի ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության հաշվարկներով՝ աղետից տուժած 28 գյուղերում տարբեր անհիմն պատճառներով հերթացուցակներից հանվել է 230 ընտանիք։ Նրանք արդեն 31 տարի ապրում են 5 տարվա համար նախատեսված տնակներում՝ առանց պետությունից տուն ստանալու իրավունքի։

Սպիտակի 11 տարվա քաղաքապետ Գագիկ Սահակյանն անցած շաբաթ՝ Երկրաշարժի տարելիցի օրը, «Ազատության» հետ զրույցում հաստատեց, որ նման դեպքեր տեղի են ունեցել նաև Սպիտակ քաղաքում։ Ըստ նրա, մոտ 60 ընտանիք կա, որոնց ժամանակավոր կացարանները փաստաթղթերում քարե տներ են դարձել։

«Ես չեմ էլ ուզում որևէ մեկին մեղադրել այդ հարցում, որովհետև առաջին պետական գրանցման ժամանակ հնարավոր է, որ լինեին նաև վրիպումներ, հնարավոր է, որ բնակիչն ինքը ցանկանար, որ սեփական տուն գրվեր տարբեր պատճառներով», - ասաաց Սահակյանը:

Դիտարկմանը, որ իրավապաշտպանները դա հանցագործություն են համարում, ոչ թե թերություն, նա արձագանքեց. - «Եթե հանցագործություն են համարում, թող գնան հետքերով: Ես դրան ասելու բան չունեմ»:

Հարուցված քրեական գործում ենթադրյալ հանցագործությունները կատարվել են 2010-2012 թվականներին, երբ ամբողջ աղետի գոտու համայնքներում կառավարության որոշմամբ կատարվել է տնակների նոր հաշվառում։ Դա համընկնում է Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանի պաշտոնավարման հետ, բայց ասում է՝ տեղյակ չի եղել։

Դատախազություն հաղորդում ներկայացրած իրավապաշտպան Արթուր Սաքունցը կարևոր է համարում պարզել, թե արդյո՞ք փաստաթղթերում քարե տուն դարձած տնակների տերերի անուններով պետությունը խոշոր գումար չի առանձնացրել ու դարձյալ կեղծ փաստաթղթեր կազմել, իբրև թե նրանց համար տուն է կառուցվել կամ տան փոխհատուցում տրվել։

«Թե ինչի հետևանքով են մարդիկ տարիներ շարունակ մնացել առանց բնակարանի, այ դրա պատճառները պետք է բացահայտել, և դա ուղղակիորեն առնչություն ունի համակարգային կոռուպցիայի հետ, որի դրսևորումներից մեկը հանդիսացել է աղետի գոտում բնակարանների շինարարության համար ֆինանսների յուրացմամբ», - նկատեց Սաքունցը:

Լոռու մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, ով անցած 30 տարիներին մարզում համակարգել է բնակարանների կառուցման և բաշխման պետական ծրագրերը, դեռ մեկ տարի առաջ «Ազատության» հետ զրույցում համոզմունք էր հայտնել, որ աղետի գոտին պետք է ամբողջապես վերականգնված լիներ, բայց ֆինանսներն անարդյունավետ ծախսելու հետևանքով խնդիրները դեռևս լուծված չեն. - «Մի տարի հանրապետության երրորդ նախագահն ասում էր՝ 2011 թվականը վերջնաժամկետն է, մյուս տարուն դա սահուն նույն նախագահի արտահայտությամբ անցնում էր 2012, 2013, 2014, 2015: Ինչքա՞ն կարելի էր խաբեր մարդկանց, ինչքա՞ն»:

Բոլոր անցած տարիներին անմիջականորեն մասնակից դարձած պաշտոնյան ասել էր, որ ամենաինտենսիվ շինարարությունն իրականացվել էր 2009-2013 թվականներին՝ Ռուսաստանից ստացած խոշոր վարկի հաշվին։ 500 միլիոն դոլարի կեսն առանձնացվել էր աղետի գոտում անօթևան մնացած 6 հազար ընտանիքներին բնակարաններով ապահովելու համար։ Մինչդեռ Լոռու մարզի 2221 անօթևանների միայն կեսի համար է կառուցվել բնակարան, փաստել էր Լևոն Ասլանյանը։

«Հաշվարկները ցույց էին տալիս, որ այդ գումարը բավական է, որ մենք աղետի գոտում գյուղական և քաղաքային բնակավայրերում վերջ տանք բնակարանաշինությանը: Մի ահռելի գումար էր, ինչպե՞ս եղավ, որ այդ գումարները չվարարեց», - ընդգծեց մարզպետարանի պաշտոնյան:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցն այս հայտարարությունները ևս ուղարկել է դատախազություն որպես հաղորդում հանցագործության մասին։

«Այնպես չէ, որ կառավարությունը ֆինանսներ հատկացրեց բնակարաններ կառուցելու համար, իսկ նախկինում հատկացված գումարները պետք է մնան էտպես անհետևանք կամ առանց ուսումնասիրության: Մեր նպատակն է այդ հատկացված գումարների ճակատագիրը որոշելու, դրանցում պատասխանատու անձանց բացահայտելու և գումարները վերադարձնելու պետական բյուջե», - շեշտեց իրավապաշտպանը: