Մատչելիության հղումներ

88-ի աղետից տուժած մոտ 30 ընտանիքների տնակները փաստաթղթերում դարձել են քարե բնակելի տներ


Լոռու մարզի Վահագնի գյուղի համայնքապետարանը դիմել է դատարան՝ 10 տարի առաջ իրենց գյուղի ընտանիքների խախտված իրավունքները վերականգնելու պահանջով։

88-ի երկրաշարժից տուժած շուրջ երեք տասնյակ ընտանիքներ նախկին գյուղապետի օրոք հանվել են աղետի հետևանքով տուն կորցրածների հերթացուցակներից, քանի որ, ըստ փաստաթղթերի, 2000-2011 թվականներին ձեռք են բերել սեփական տներ ու բնակարաններ, մինչդեռ դրանք իրականում կա՛մ երկաթե տնակներ են, կա՛մ կիսակառույցներ։

Որոշ դեպքերում կիսակառույցը փաստաթղթերում ներկայացվել է որպես ավարտուն բնակելի տուն։ Ավելին, գյուղի նախկին ղեկավարության օրոք կազմված ցուցակում առկա տեղեկությունների համաձայն, անօթևան համարված որոշ գյուղացիներ ութ տարի առաջվա տվյալներով սեփականություն ունեն Լոռու մարզկենտրոն Վանաձորում կամ մայրաքաղաք Երևանում։

Մեկ տարի առաջ ընտրված գյուղապետն այսօր չունի շատ հարցերի պատասխանները, բայց գյուղապետարանի փաստաթղթերի մեջ գտել է 2011 թվականին կազմված մի ցուցակ, ըստ որի, անօթևանների հերթացուցակներում ընդգրկված որոշ վահագնեցիների ժամանակավոր տնակները քարե բնակելի տներ են։

Գյուղապետարանում հատ առ հատ ուսումնասիրում են տվյալները, բայց նախընտրում չխոսել, քանի դեռ գործը դատական քննության տակ է:

Վահագնեցի Անահիտ Նազլուխանյանի ընտանիքն արդեն 30 տարի ապրում է փայտե ինքնաշեն տնակում։ Տարիներ շարունակ աղքատության նպաստ են ստացել՝ որպես տնակի բնակիչ։ Բայց ասում է՝ հանկարծ տեղեկացել է, որ Վանաձորի, երկրաշարժից հետո կառուցված Տարոն թաղամասում սեփական բնակարան ունի, որի պատճառով զրկվել է պետական աջակցության բոլոր հնարավոր ծրագրերից։ Դիմել է Կադաստրի պետական կոմիտե, Վանաձորում սեփական բնակարան ունենալու մասին տեղեկությունը հերքող փաստաթուղթ է ձեռք բերել, բայց միևնույն է հերթացուցակներում չի վերականգնվել։ Ավելի ուշ՝ 2014 թվականին պարզել է, որ իր 30 տարվա տնակը սեփականության վկայականում ներկայացված է որպես քարե բնակելի տուն՝ հիմքով ու ամուր պատերով։

«Ինչ ասել են, արել ենք, ուր ուղարկել են, գնացել ենք: Հետո պարզվեց, որ ապրում ենք բնակելի տանը, ոչ թե ինքնաշեն տնակում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Անահիտ Նազլուխանյանը:

Բնակիչները պնդում են, որ 2008 թվականից սկսած, պաշտոնյաների պահանջով դռնեդուռ են ընկել, գումարներ ծախսել, իրենց կարգավիճակը հավաստող փաստաթղթեր ձեռք բերել՝ հույսով, որ մի օր տնատեր են դառնալու։

«Տարել եմ ներկայացրել իրանց, 80 հազար դրամ էլ տվել եմ: 2015 թվին նորից տեսան, որ իրանց ուզած ամեն ինչը անում ենք՝ վարկերի տակ գցելով, էրեխու բերանից կտրելով, սոված մնալով, տարա: Ասեցին՝ էլի չի անցնում դա: Ասեցին՝ ձեր տունը բնակելի ա, դուք ի՞նչ տուն եք ուզում մեզանից», - դժգոհեց Վալերի Կիրակոսյանը:

Նա տարիներ առաջ իր ընտանիքի երկաթե կացարանը պատել է աղյուսներով, որ մի քիչ տաք լինի, երեխաները, որ հաճախ են հիվանդանում, փոքր-ինչ պաշտպանված լինեն։ Դրանից հետո քարե տան նմանվող շինությունը պաշտոնական փաստաթղթերում դարձել է բնակելի տուն։ Կադաստրում սեփականության վկայական են սարքել ու հանձնել բնակիչներին, որոնք ավելի ուշ տեղեկացել են, որ դուրս են մնացել տնաշինության բոլոր պետական ծրագրերից, քանի որ, ըստ փաստաթղթերի, Կիրակոսյաններն այլևս անօթևան չեն։

Լոռու մարզում աղետի գոտու վերականգնման ծրագրերը համակարգել է մարզպետարանում տարբեր պաշտոններ զբաղեցրած Լևոն Ասլանյանը, ով այսօր էլ մարզպետի խորհրդականն է։ Խորհուրդներ է տալիս աղետի գոտու հիմնախնդիրները վերացնելու մասին։ 78-ամյա պաշտոնյան նաև աղետի գոտու հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովման, բնակարանների կառուցման և բաշխման 2008 թվականից գործող պետական հանձնաժողովի անդամ է։

Մարզպետարանների ձևավորումից ի վեր բարձր պաշտոններ զբաղեցրած Ասլանյանը հատ առ հատ գիտի տարիներ շարունակ իր դուռը ծեծած բոլոր անօթևաններին։ Հաստատում է, որ դեռ տարիներ առաջ տեղյակ էր՝ երկրաշարժից տուժած տնակատերեր կան, որ տարբեր պատճառներով հանվել են հերթացուցակներից։

«Ես ասում եմ՝ կան տնակներ, որոնք գրանցված են սեփականություն, վերջ: Ես չգիտեմ ով, երբ, ինչպես է այդ սեփականաշնորհումը տեղի ունեցել: Կադաստրի կողմից խախտում եմ համարում: Ինչպե՞ս կարելի էր տնակը գրանցել որպես բնակելի տուն։ Ես գնացել, նկարել եմ տվել էդ տնակները և ասել եմ՝ սա ո՞նց ա սեփական տուն: Ինձ էլ ասել են՝ ահա սեփականության վկայականը, քո հարցերը եթե ունես, ուղղի Կադաստրին», - «Ազատությանն» ասաց Լևոն Ասլանյանը:

«Ուղղակի ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության նախագահ Գևորգ Քոթանջյանը մեկ տարի առաջ Նիկոլ Փաշինյանի հրամանով ստեղծված աղետի գոտու հիմնախնդիրներով զբաղվող աշխատանքային խմբի անդամ է։ Նրա խոսքով, ուսումնասիրելով ընդհանուր պատկերը, տպավորություն է ստացել, որ գյուղական բնակավայրերում 88-ի երկրաշարժի հետևանքով տուն կորցրածների միայն 50 տոկոսն է ընդգրկվել հերթացուցակներում․ - «Ըստ երևույթին այստեղ տեղի է ունեցել հանցագործություն, և մենք ներկայացրել ենք վարչապետին: Քաղաքաշինության կոմիտեից եկել է պատասխան, որ կվերանայվի և թերությունների կշտկվեն: Բայց այստեղ մի այլ հարց է առաջանում, թե թերություն շտկելը որն է, և արդյո՞ք դա հնարավոր հանցագործությունը քողարկել չի նշանակում: Կա նաև վարկած, որ գուցե կառավարության կողմից եղել է որոշում և տրվել են դրամական փոխհատուցումներ, որը էդ մարդկանց չի հասել»:

Գևորգ Քոթանջյանը համոզված է, որ պատկերը նույնն է նաև աղետից տուժած մյուս գյուղական բնակավայրերում, որտեղ ավելի մեծ թվով անօթևաններ կան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG