Ֆրանսիայի վարչապետը պաշտպանել է կենսաթոշակային բարեփոխումները

Ֆրանսիա - Կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ակցիա Լիոնում, 10-ը դեկտեմբերի, 2019թ․

Երեկ Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը հանդես է եկել ի պաշտպանություն կենսաթոշակային բարեփոխումների, որոնց դեմ արդեն մեկ շաբաթ է երկրում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում: Վարչապետի խոսքով՝ կենսաթոշակային համակարգը բոլորի համար պետք է նույնը լինի:

Արհմիությունների ղեկավարները վարչապետի ելույթից հետո հայտարարել են, որ զիջումներն իրենց չեն բավարարում, և խոստացել են շարունակել գործադուլը:

Ֆրանսիայի Աշխատանքի դեմոկրատական կոնֆեդերացիան՝ երկրի երկու խոշորագույն միություններից մեկը, որն ընդհանուր առմամբ աջակցում էր բարեփոխումներին, նույնպես հայտարարել է գործադուլներին միանալու պատրաստակամության մասին:

Մոտ մեկ շաբաթ առաջ «Ֆիգարո» օրաթերթը հրապարակել էր սոցիոլոգիական հարցումների արդյունքներ, որոնք ցույց են տալիս, որ ֆրանսիացիների 68 տոկոսը ցուցարարների բողոքը հիմնավորված է համարում:

Ֆրանսիայի կառավարությունը մտադիր է պարզեցնել կենսաթոշակների համակարգը, որը ներկայիս դրությամբ կազմված է չորս տասնյակից ավելի տարբեր ծրագրերից: Արհմիությունները, մինչդեռ, ենթադրում են, որ բարեփոխման արդյունքում աշխատողները սահմանված 62 տարեկանից ավելի ուշ և ավելի քիչ փողով կանցնեն թոշակի: