Պոլսո Հայոց 85-րդ պատրիարք ընտրվեց Սահակ եպիսկոպոս Մաշալյանը

12 տարվա սպասումից հետո Պոլսո նվիրապետական աթոռը նոր գահակալ ունի։ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, ստանալով Ազգային պատգամավորական ժողովից 103 քվե, ընտրվեց Պոլսո Հայոց 85-րդ պատրիարք։

Պատրիարքական իր առաջին խոսքում Սահակ սրբազանը ուրախությամբ նշեց, որ Թուրքիայի հայությունը վերջապես հայր ունեցավ: Նա երախտագիտություն հայտնեց այս ճանապարհին ավանդ ունեցած բոլոր անձանց, շնորհակալություն հղեց Ամենայն Հայոց կաթողիկոսին և թուրքական իշխանություններին՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին և Ստամբուլի նահանգապետ Ալի Յերլիքայային: Նորընտիր պատրիարքի խոսքերով, այսպիսով հայ համայնքի համար նոր փուլ է սկսվում՝ խաղաղության և միասնության շրջան:

Առավոտից Պատրիարքարանի մայր եկեղեցում էին հավաքվել հոգևոր ու աշխարհական պատվիրակները, որպեսզի գումարեն Ազգային պատգամավորական ժողով և ընտրեն նոր Պատրիարքին։ Նիստը սկսվեց միասնական աղոթքով, ապա շարունակվեց պատվիրակների գրանցման և հավաստագրերի հանձնման գործընթացը: Թեև կիրակի օրվա քվեարկության արդյունքներից արդեն պարզ էր, որ ընտրվելու է եպիսկոպոս Մաշալյանը, այնուհանդերձ հայ համայնքի համար պահը հիրավի պատմական էր։

Քվեարկությունից հետո ընտրյալ Պատրիարքը հանդիսավոր կերպով մտավ մայր եկեղեցի, ապա հավաքվածները շնորհավորեցին նոր առաջնորդին, համբուրեցին սրբազանի աջը: Այնուհետև կայացավ Հրաշափառի հանդիսությունը՝ պատրիարքի մուտքը աթոռանիստ եկեղեցի: Հավաքված բազմությունը ողջունեց նոր պատրիարքին, տեղի ունեցավ աջհամբույրի արարողությունը:

Հիշեցնենք, որ կիրակի օրը տեղի էր ունեցել պատրիարքական ընտրությունների առաջին փուլը՝ պատվիրակների ընտրությունը: Քվեարկության արդյունքում նարնջագույնների ճակատը ստացել էր 9008 ձայն՝ Մաշալյան սրբազանի համար ապահովելով 89 պատվիրակ: Պատրիարքական մյուս թեկնածու Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի գլխավորած մանուշակագույն ճակատը ստացել էր 3529 քվե՝ ունենալով 12 պատվիրակ: Մեկ պատվիրակ նախընտրել էր անկախ մնալ: 753 քվեաթերթ անվավեր էր ճանաչվել, 376 մարդ դատարկ քվեաթերթ էր նետել տուփը:

Պոլսո Հայոց 85-րդ պատրիարք 57-ամյա եպիսկոպոս Սահակ Մաշալյանը ծնվել է Ստամբուլում, սովորել Ստամբուլի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում, ապա Ստամբուլի տեխնիկական համալսարանում: 1982-ին որոշել հոգևորական դառնալ և ուսումնառության անցել Պոլսո պատրիարքարանում: Ուշագրավ է, որ սրբազանը միայն 20 տարեկանում է սկսել հայերեն սովորել: Ավելի ուշ, Սահակ Մաշալյանը կրթություն է ստացել նաև Բելգիայում և Իռլանդիայում: 1984 թվականին ձեռնադրվել է վարդապետ, 1986-ին Շնորհք Գալուստյան պատրիարքի կողմից սարկավագ, 1992-ին էլ Գարեգին Քազանջյան պատրիարքի կողմից կուսակրոն աբեղա ձեռնադրվել: 2006 թվականին դարձել է վարդապետ, ապա 2008-ին եպիսկոպոս ձեռնադրվել: 2005-2011 թվականների ընթացքում դասավանդել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, զբաղեցրել դեկանի պաշտոն: 2011-ին վերադարձել է Ստամբուլ և ծառայության անցել պատրիարքարանում: Այս տարվա մարտին Պոլսո 84-րդ պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի վախճանից հետո հուլիսին ընտրվել է պատրիարքական տեղապահ: Սահակ եպիսկոպոս Մաշալյանը լինելու է Պոլսո Սահակ երկրորդ պատրիարքը: