12 տարվա սպասումից հետո Պոլսո նվիրապետական աթոռը նոր գահակալ կունենա։ Ստամբուլում այսօր Պոլսո Հայոց 85-րդ պատրիարքին են ընտրում։
Առավոտից Պատրիարքարանի մայր եկեղեցում են հավաքվել հոգևոր ու աշխարհական պատվիրակները, որպեսզի գումարեն Ազգային պատգամավորական ժողով և ընտրեն նոր պատրիարքին։
Թեև կիրակի օրվա քվեարկության արդյունքներից արդեն պարզ էր, որ ընտրվել է Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, այնուհանդերձ հայ համայնքի համար պահը հիրավի պատմական է։
Այսօր Պատրիարքարանի մայր եկեղեցում նիստը սկսվեց միասնական աղոթքով, ապա մեկնարկեց պատվիրակների գրանցման և հավաստագրերի հանձնման գործընթացը:
Սպասվում է, որ քվեարկությունից հետո ընտրյալ պատրիարքը Հրաշափառի հանդիսությամբ կմտնի մայր եկեղեցի, ապա հավաքված բազմությունը կողջունի իր նոր առաջնորդին, տեղի կունենա աջհամբույրի արարողությունը:
Կիրակի օրը կայացած քվեարկության արդյունքում նարնջագույնների ճակատն ստացել էր 9008 ձայն՝ Մաշալյան սրբազանի համար ապահովելով 89 պատվիրակ: Պատրիարքական մյուս թեկնածու Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի գլխավորած մանուշակագույն ճակատն ստացել էր 3529 քվե՝ ունենալով 12 պատվիրակ: Մեկ պատվիրակ նախընտրել էր անկախ մնալ: 753 քվեաթերթ անվավեր էր ճանաչվել, 376 մարդ դատարկ քվեաթերթ էր նետել տուփը: